Բիզնես 

«Շրջանառության հարկի մասին» օրենքի պարտադիր փաստաթղթավորման կետը կգործի փետրվարի 1-ից

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք: Նախագիծը ՀՀ Կառավարությունը կհաստատի հոկտեմբերի 9-ին կայանալիք նիստում:

 

Ըստ նախագծի՝ խնդիրն այն է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկե-տում ավարտելու օրենսդրական պահանջով:

Նշված է նաև, որ մասնավորապես՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են վերոնշյալ անցումային ժամանակահատվածում հաշվառել իրենց ապրանքային մնացորդները և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմիններին, ինչը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնացորդների ծավալներով, ինչպես նաև՝ ապրանքային մնացորդների ձևանմուշի լրացման հմտությունների պակասով:

Նախագիծը Կառավարության հաստատմանը կներկայացնի ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Նույն շարքից