Բիզնես 

Gallup-ը «Գազպրոմ Արմենիա»-ի պատվերով հարցում է իրականացրել գազամատակարարման խնդիրների մասին

analitik.am

ՀՀ-ում Gallup International ասոցիացիայի բացառիկ ներկայացուցիչ MPG ՍՊԸ-ն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պատվերով անցկացրել է սոցիոլոգիական հետազոտություն՝ գազամատակարարման ոլորտի վերաբերյալ հասարակական կարծիքն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ սոցիոլոգիական հարցումն իրականացվել է 2014 թ. սեպտեմբերի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն (Երևանում` 33%, մարզերում` 67%): Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական կարգով: 

Այսօր MPG ընկերությունը հետազոտության արդյունքները ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին և Ընկերության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: 

Հետազոտության շրջանակում ուսումնասիրություններ են կատարվել գազամատակարարման հետ առնչվող խնդիրների, մատուցվող ծառայության որակի, 1-04 վթարային ծառայության և ներտնային գազահամակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքների, տնային տնտեսություններում գազասարքավորումների շահագործման, սպառած բնական գազի դիմաց կատարվող վճարումների և մի շարք այլ ուղղություններով: 

Ամփոփելով սոցիոլոլոգիական հետազոտության արդյունքները՝ Վարդան Հարությունյանը կարևորել է հասարակական կարծիքի նշանակությունը Ընկերության կողմից մատուցվող ծառայության վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել աշխատանքի ընդհանուր պատկերը: 

«Ներկայացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ համակարգում կան մի շարք դրական ցուցանիշներ, ինչը ողջունելի է մեզ համար: Դրա հետ կան նաև խնդիրներ, որոնց հետ կապված անհրաժեշտ է հետևողական աշխատանք՝ կարգավորելու և արագ լուծումներ գտնելու նպատակով»,-նշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահը՝ համապատասխան հանձնարարականներ տալով իրացման և տեխնիկական հարցերով ստորաբաժանումների ղեկավարներին:

Նույն շարքից