Բիզնես 

Կայացավ Հայաստան-Գերմանիա գործարար համաժողովը

analitik.am

Մեր Կառավարությունն առաջնորդվելով կայուն տնտեսական աճի գրավականներով վարում է բաց դռների ներդրումային քաղաքականություն, փորձում է զարգացնել մեր տնտեսությունը` դնելով գիտելիքահեն ճանապարհի վրա:

Հոկտեմբերի 13-ից 14-ը Հայաստան այցելած Գերմանիայի Դաշնային Հանրապետության էկոնոմիկայի և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակության այցի շրջանակներում տեղի ունեցած Հայաստան-Գերմանիա գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:

Հայտնենք, որ համաժողովը կազմակերպել էր Զարգացման հայկական գործակալությունը` ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության աջակցությամբ: Գերմանիայից այցելել էր արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարար պատվիրակություն:

Վահագն Լալայանը ներկայացրեց, որ ԱՎԾ տվյալների համաձայն` 2014 թ.-ի հունվար-օգոստոս ամիսների դրությամբ ՀՀ-ի և Գերմանիայի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 294 հազար ԱՄՆ դոլար, և անցած տարվա նկատմամբ աճ է արձանագրվել:

«Մենք կարծում ենք, որ այս ֆորմատի միջոցառումները շատ կարևորվում են երկուստեք հարաբերությունների խորացման գործում, քանի որ դեռ շատ անելիքներ ունենք»,- ասաց նա և հավելեց, որ այսօր քաղաքական հարաբերությունները շատ ավելի լավ ու խորը վիճակում են, քան՝ տնտեսական:

Գերմանիայի Էկոնոմիկայի և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակության ղեկավար, Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային փորձագետ Մ. Շտեֆելը նշեց, որ Գերմանիայի համար արտաքին քաղաքականությունը շատ կարևոր է: Նա ասաց, որ Գերմանիան շարունակվում է դասվել ամենամեծ արտահանող երկրների շարքում:

Նա նշեց, որ Հայաստանի և Գերմանիայի տարբեր ձեռնարկությունների միջև կարող են կապերը խթանել: «Լավ պոտենցիալ ունենք, որ կարող ենք տնտեսապես լավ համագործակցել, քննարկել, թե ինչ հնարավորություններ ենք տեսնում: Գերմանական տնտեսական կողմը շատ է հետաքրքրված համագործակցությամբ»,- ասաց նա:

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը կարևոր համարեց գործարարների անձնական շփումները: «Շատ կարևոր է, որ մարդիկ կարողանան գործընկերներ գտնել, որ երկու կողմերն էլ բաց լինեն շփման համար ու հնարավոր է, որ դա էլ բերի հետագա համագործակցության»,- ասաց նա:

Նույն շարքից