Բիզնես 

Տասնութ երկրների հարկադիր կատարողները Հայաստանից կմեկնեն տպավորված

analitik.am

 Ծաղկաձորում ավարտվեց  «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովը: Համաժողովի ավարտին փակման խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: Իր խոսքում Միհրան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց  համաժողովի մասնակիցներին միջոցառմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, յուրաքանչյուրն իր հերթին այն յուրովի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու համար: «Համաժողովի ընթացքում քննարկված հարցերը և ձեր կողմից արված շեշտադրումները կրկին բոլորիս ստիպեցին մեր ուշադրությունը հրավիրելու և կենտրոնանալու կատարողական վարույթի այնպիսի զգայուն ասպեկտների և առանձնահատկությունների վրա, ինչպիսիք են, օրինակ, հարկադիր կատարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների նորամուծությունների պատշաճ կիրառումը, հարկադրանքի միջոցների արդյունավետության և մարդու իրավունքների պաշտպանության ողջամիտ հարաբերակցությունը, պարտապանի, պահանջատիրոջ և երրորդ անձանց իրավունքների և շահերի ճիշտ հավասարակշռությունը և այլն»,-  ասաց Միհրան  Պողոսյանը:

 

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համոզվածություն հայտնեց, որ մասնակիցների շնորհիվ համաժողովն օգտակար է եղել բացահայտելու և առավել լավ հասկանալու նշված, ինչպես նաև բոլորի համար համընդհանուր դարձած այլ հիմնախնդիրներ, ավելի խորն ըմբռնելու այդ հիմնախնդիրների էությունը և գտնելու դրանց լուծման հնարավոր ուղիներ, ինչն իր հերթին, անշուշտ, իր նպաստն է բերելու կատարողական վարույթի զարգացման և կատարելագործման գործին ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով: «Հուսով եմ, որ Հայաստանում անցկացրած երկու օրերը ձեզ համար, իրոք, տպավորիչ էին, հաճելի և արդյունավետ: Ակնկալում եմ ձեզ կրկին տեսնել հետագայում ևս կազմակերպվող նմանատիպ միջոցառումներին Հայաստանում: Բոլոր նրանց, ովքեր ճամփորդելու են այսօր, մաղթում եմ բարի և անվտանգ ճանապարհ, իսկ մնացողներին՝ հաճելի ժամանակ»,-ընդգծեց Պողոսյանը:

 

Նա նաև հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում ծավալված քննարկումների արդյունքում հնարավոր կլինի հանդես գալ նոր նախաձեռնություններով և առաջարկներով, նորարարություններով, որոնք կնպաստեն ծառայության արդյունավետության բարձրացմանը:

Նույն շարքից