Բիզնես 

Աջակցություն են ստանում հերթական ներդրումային ծրագրերը

analitik.am

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 2014թ. հոկտեմբերի 15-ի «2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» թիվ ՆՀ-544-Ն հրամանագրի՝ ՀՀ կառավարությունը որոշել է ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, աշխատանքների համակարգման նպատակով՝ մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովներ, հաստատել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը: ՀՀ պաշտպանության նախարարին, ՀՀ նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

 

Գործադիրը հավանություն է տվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն ներկայացվող ՀՀ երկրորդ ազգային զեկույցին, ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել մինչև ս.թ. հոկտեմբերի 22-ը ապահովել զեկույցի թարգմանությունը:

Երկրորդ զեկույցի նպատակն է ներկայացնել երկրի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև ցույց տալ նախորդ դիտարկումից՝ 2010 թվականից մինչև օրս մարդու իրավունքների ոլորտում ՀՀ ձեռքբերումներն ու մարտահրավերները:

Կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինակության վերահսկողության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին իր նախկին որոշման մեջ, «Կառուցվածքային ստորաբաժանումներ բաժինը շարադրելով նոր խմբագրությամբ:

Կառավարությունը հավանություն է տվել ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի ազգային դիտողական ցանցի զարգացման ծրագրին, որի նպատակն է գնահատել ստորերկրյա ջրերի որակական և քանակական փոփոխությունները, ապահովել դրանց պահպանումը և ռացիոնալ կառավարումը՝ շահագործման ընթացքում: Հանրապետության տարածքի ազգային ցանցում ծրագրով նախատեսվում են 128 դիտակետեր:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել է սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության ոլորտներում պետական վերահսկողության շրջանակներում իրականացվող նմուշառման կարգը, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 19-ի «Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» թիվ 598-Ն որոշումը:

Որոշման ընդունմամբ ակնկալվում է սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության գործընթացները դարձնել առավել ամբողջական և հասցեական, հստակեցնել սահմանային վերահսկողության առանձնահատկությունները, դրանք համապատասխանեցնելով ՀՀ նոր օրենքների պահանջներին:

Նույն շարքից