Բիզնես 

«SOS Ամուլսար» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին

analitik.am

«SOS Ամուլսար» նախաձեռնությունը Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ բաց նամակ է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին։ Նամակը՝ ստորև։

«Պարոն նախարար,

Հոկտեմբերի 15-ի մամուլի ասուլիսի ժամանակ Դուք հայտարարեցիք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի իրականացումը կմեկնարկի 2015 թ-ի սկզբին և ներկայացրեցիք կոնկրետ թվեր, ներդրումների ակնկալիքներ և այլն:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նրա վրա, որ ներկա պահին Ամուլսարի նախագծի փաստաթղթերի փաթեթը` ներառյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը /ՇՄԱԳ/, գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացության տրամադրման գործընթացում, որը դեռ ավարտված չէ:

Ենթադրվում է, որ ողջ գործընթացը կրում է անկախ բնույթ, և որ Ամուլսարի նախագծին կարող է տրվել ոչ թե դրական, այլ բացասական եզրակացություն, օրինակ, եթե ՇՄԱԳ-ում ներկայացված ռիսկերը նվազեցված են, չեն համապատասխանում իրականությանը կամ առկա են սպառնալիքներ երկրի ռազմավարական շահերի համար: Հենց նմանատիպ ռիսկերի մասին նշված է հասարակայնության 9 ներկայացուցիչների բողոքներում, որոնք ուղարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Օմբուդսմենի գրասենյակ: Այդ երկու ազդեցիկ միջազգային ֆինանսական ինստիտուտները Ամուլսարի նախագիծը «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրած «Lydian International» ընկերության հիմնական ներդրողներն են:

 

Այսպիսով, Ձեր հրապարակային հայտարարությունը մինչև բնապահպանական փորձաքննության եզրակացության տրամադրման գործընթացի ավարտը կասկածի տակ է դնում ինչպես Ամուլսարի նախագծի ՇՄԱԳ-ի ողջ գործընթացի իրավազորությունը և անկողմնակալությունը, այդպես էլ բնապահպանական փորձաքննության գնահատականը, ինչպիսին որ այն լինի:

 

 

«SOS Ամուլսար» նախաձեռնություն`

 

 

Ինգա Զարաֆյան` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Լևոն Գալստյան` Համահայկական բնապահպանական ճակատ

 

Սոնա Այվազյան` էկոլոգիական քաղաքականության գծով փորձագետ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն

Սիլվա Ադամյան` «Թռչնասերների կենտրոն» ՀԿ

 

Վազգեն Գալստյան` «Ջերմուկի զարգացման կենտրոն»

 

Թեհմինե Ենոքյան` «Լրագիր» տեղեկատվական կայքի լրագրող

Արթուր Գրիգորյան` «Էկոիրավունք» ՀԿ»:

 

Բաց նամակն ուղարկված է նաև EBRD-ի և IFC-ի Օմբուդսմենի գրասենյակներ:

Նույն շարքից