Բիզնես 

Հայաստանն ու Իրանը քննարկում են նավթային բնագավառում կապերի խորացման ուղիները

analitik.am

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հոկտեմբերի 20-ին Թեհրանում հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև նավթային բնագավառում երկկողմ կապերի խորացման ուղիները:

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հոկտեմբերի 19-ին է ժամանել Իրան: Երեկ Զախարյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանի հետ: «Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները գտնվում են լավ մակարդակում, հատկապես էներգետիկայի բնագավառում»,- ասել է Չիտչիանը:

Միաժամանակ, հոկտեմբերի 20-ին Թեհրան է ժամանել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Արդեն մեկնարկել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի  հանդիպումը: Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման նպատակն է հայ-իրանական կապերի, մասնավորապես էներգետիկ բնագավառում համագործակցության հետագա ամրապնդումն ո զարգացումը:

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Հոկտեմբերի 21-ին վարչապետ Աբրահամյանը Սպահանում հանդիպում կունենա նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի Սբ. Հովսեփ եկեղեցու 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:

Նույն շարքից