Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր հղիության նպաստի և մի քանի այլ օրենքների վերաբերյալ լսումների ժամանակ ասաց, որ այս նախաձեռնությամբ Կառավարությունն առաջին հերթին փորձում է առկա խնդիրները ներկայացնել, ինչպես նաև սկսել հանրային քննարկումների փուլ։
«Այս օրենսդրական նախաձեռնությունն առաջարկ է՝ հաշվի առնելով եղած խնդիրները. ունենք հղիության ծննդաբերության նպաստ՝ վճարովի արձակուրդ, որը վճարում է գործատուն, ծննդյան միանվագ նպաստ՝ կապ չունի մայրը աշխատող է, թե աշխատող չէ և ունենք խնամքի նպաստ՝ մինչև երկու տարեկան երեխային խնամող, բայց աշխատող մայրերի համար՝ ամսական 15 000 դրամ… Այստեղ խնդիր է այն, որ ծախսերը աճել են երեք անգամ, իսկ արդյոք ծախսարդյունավետությունը ևս աճե՞լ է»,-ասաց նախարարը:
Արտեմ Ասատրյանի խոսքով` այս խնդիրները քննարկել են ՀՀԿ նիստում և պայմանավորվել են, որ սկսում են հանրային քննարկումների փուլ։ «Սա հերթական փուլն է, և մենք խնդրում ենք, որ բոլոր կողմերը ներկայացնեն խնդրի լուծման տեսանկյունից իրենց տարբերակներն ու առաջարկները: Հիմա եթե ծախսերը երեք անգամ աճել են, բայց ծնելիությունը երեք անգամ չի աճել, հետևաբար խնդիրներ ունենք, և մենք պայմանավորվել ենք բոլոր առաջարկություններն ի մի բերելուց հետո վերջնական տարբերակ ունենալ, որը նոր կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը»,-ասաց նախարարը: