Բիզնես 

ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագիծը սոցիալական ուղղվածություն ունի. Հ. Աբրահամյան

 Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի նախագիծը, ինչպես կառավարության ծրագիրը, իրատեսական է: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողոնվերի համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի, ինչպես նաև կառավարության ընդունած 2015-2017թթ, միջնաժամկետ ծախսերի դրույթները, և հենց այդ ծրագրով սահմանված գերակայություններից են բխելու 2015թ. տնտեսության զարգացման քաղաքական շեշտադրումները»,-  ասաց Աբրահամյանը:


Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ անգամ տարածաշրջանային բարդագույն տնտեսական զարգացումների ներքո, որոնց հավանական սցենարները ներկայացված են, բոլորը կարող են վստահ լինել, որ անհրաժեշտ ծախսերն անպայման կիրականացվեն: «Քաղաքական փոփոխությունների առումով բյուջետային համակարգը խիստ իներտ է: Սահմանափակումներն ակռա են թե բյուջետային գործընթացների երկարաժամկետ պլանավորման, թե առկա կարևորագույն ծրագրերի շարունակականության տեսանկյունից»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

 

2015թ. պետական բյուջեի նախագիծն ունի սոցիալական ուղղվածություն, ինչի մասին է վկայում այն հանգամանքը, որ 2015թ. պետական բյուջետային  ծախսերի ծավալի շուրջ կեսը՝ 47.9 տոկոսը, կազմում են սոցիալական, մշակութային բնագավառի ծախսերը: «Ընդ որում, միայն կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015թ. կկազմեն շուրջ 596 միլիարդ դրամ, որը 2014թ. ցուցանիշի համադրելի մակարդակը գերազանցում է 25 միլիարդ դրամով»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

 

ՀՀ 2015թ. պետական բյուջեով պատշաճ մակարդակ է նախատեսված պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար՝ ընդհանուր ծախսերի շուրջ 21.4 տոկոսի չափով:

 

ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագիծը:

Նույն շարքից