Բիզնես 

2015թ. բյուջեով աշխատող հղիների նպաստի կրճատում հաշվարկված չէ. ֆինանսների փոխնախարար

2015 թ. բյուջեով Կառավարությունն աշխատող հղիների նպաստի որևէ կրճատում չի հաշվարկել, որովհետև բյուջեն ներկայացնելիս այդ օրենսդրական փաթեթը չկար. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

«Այսինքն՝ հղիները ստանում են այնքան աշխատավարձ, ինչքան կազմել է վերջին տարում, իսկ չաշխատողներն էլ չեն ստանում, այսինքն՝ բյուջեում հարցն ընդգրկված է գործող օրենսդրությամբ»,-ասաց նա և նշեց, որ եթե իր անձնական կարծիքն է հետաքրքրում, ապա կարող է փաստել, որ խնդիր կա և պետք է ինչ-որ կերպ լուծել:

«Այդ խնդիրը, թեկուզ թվաբանորեն, կա, եթե ոչ ռեալ բարձր աշխատավարձ են նշանակում, պետությունը լրացուցիչ գումարներ է տալիս: Մեկն ասում է՝ մորաքրոջս տղան է, կնոջը բերեմ, մի հինգ-վեց ամիս ձևակերպեն բարձր աշխատավարձով, ու դեռ գործի էլ չի գնում, հետո պետությունը պարտավոր է վճարել: Ընդունենք, որ խնդիրը կա, և այլ բան է, թե այդ խնդիրը ոնց ենք ուզում լուծել: Եկեք ռեալ քննարկման դաշտում խոսենք, դուրս չգա, որ դուք կարմիր գվարդիան եք, մենք էլ՝ սպիտակ գվարդիականներն ենք: Հիմա լուծումները ճիշտ են, թե ոչ, չեմ կարող հստակ ասել, բայց Կառավարությունն այս լուծումն է տվել»,-նշեց նա։

Փոխնախարարը հարցի լուծման իր տարբերակն առաջարկեց։ «Ես, օրինակ, պատկերացնում եմ, որ հարցի ճիշտ լուծումն այն է, որ ինչ-որ մեկն էլ ուրիշ մոտեցում պետք է առաջարկի, այսինքն՝ Կառավարությունը կարող է լավ լուծում չի առաջարկում, և հնարավոր է, որ ինչ-որ մեկն ավելի լավ լուծում կառաջարկի»,-նշեց նա:

Պավել Սաֆարյանի խոսքով՝ ուղղակի մարդիկ սովորել են ոչինչ չանել, բայց լուծումներում խնդիր փնտրել. «Սովորել են, որևէ մեկը մի բան չասի՝ պատգամավորներ, հանրություն և այլն, բայց տեսնեն, երբ մեկը մի բան է առաջարկում, ասեն՝ հլա նայենք, տեսնենք, դրանց սխալները ոնց ենք գտնում, երեսին տանք»:

Նույն շարքից