Հայաստանի ոստիկանության համակարգում կան խնդիրներ, սակայն դրանք գնալով քչանում են: Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Եվ ես պետք է ասեմ, որ մենք՝ պատգամավորներս, նույնպես շահագրգռված ենք, որ մեր ոստիկանությունը շարունակի բարեփոխումների այն կուրսը, որը վերցրել է այս տարիների ընթացքում»,-նշեց նա:
Անդրադառնալով քննարկման ընթացքում պատգամավորների այն դիտարկումներին, որ ոստիկանության աշխատակիցները պետք է ունենան զարգացման բարձր մակարդակ՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ դա պարտադիր պայման է ոստիկանի համար՝ ընդգծելով, որ ՀՀ ոստիկանությունն այդ խնդրին ուշադրություն դարձնում է, ինչի մասին է խոսում ոստիկանական ակադեմիան կարևորելու հանգամանքը: «Սակայն մենք պետք է մտածենք ոչ միայն այն մասին, որ ոստիկանությունում աշխատելը մեծ պատիվ է, այլ մտածենք այդ մարդկանց սոցիալական վիճակի մասին: Դրա համար մենք պետք է օգնենք ոստիկանությանը: Ես կարծում եմ, որ ոստիկանությանը պետբյուջեից հատկացվող միջոցները քիչ են»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Նա ընդգծեց, որ դոգմա է այն, որ ոստիկանը պետք է հարգալից լինի քաղաքացիների նկատմամբ, սակայն միևնուն ժամանակ հարկավոր է քարոզել, որ քաղաքացին էլ հարգալից վերաբերմունք ունենա ոստիկանի նկատմամբ:
ՀՀ ոստիկանությանը ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 36 միլիարդ 308 միլիոն դրամ գումար, որը 2014 թ. պետական բյուջեի նկատմամբ աճել է 5,423,3 մլն դրամով: