Երևանի բյուջեն միշտ բաց է և նախագծի տեսքով հրապարակային կերպով մատուցվում է հանրությանը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: «Հաստատումից հետո էլ ինտերակտիվ բյուջեն դրվում է Երևանի քաղաքապետարանի կայքում, և բոլորը հնարավորություն ունեն հետևելու բյուջեի իրականացմանը»,- նկատեց Արեյանը:
Նա չհամաձայնեց լրագրողներից մեկի դիտարկման հետ, թե Երևանի բյուջեից աննպատակ ծախսեր շատ են լինում: «Բոլոր ծախսերը հիմնավորված և պլանավորված են, որովհետև այդ բոլոր ծախսերն իրականացվում են օրենքի ուժով, Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններն իրականացնելու համար: Ի՞նչ է, օրենքն անհիմն լիազորություն է տվե՞լ քաղաքապետին: Այդ լիազորությունների իրականացման համար ֆինանսական միջոցներ են պետք: Մեր բյուջեում այդնիսի տող չկա, որը չհամընկնի քաղաքապետի լիազորություններին: Քաղաքային իշխանության, համայնքի ղեկավարի պարտականությունը հենց այդ լիազորությունների իրականացումն է»,- ասաց Արեյանը:
Նրա խոսքով` առողջ քննադատությունը միշտ օգատակար է՝ կապ չունի, թե ում են քննադատում: Երևանի փոխքաղաքապետի գնահատմամբ՝ նորմալ մարդը առողջ քննադատությունից պետք է առողջ հետևություններ քաղի: «Անհիմն քննադատությունները ստանում են պատասխան և դրվում են մի կողմ: Այն, ինչը հիմնավոր է, մենք առողջ ողջամտությամբ ընդունում ենք»,- հավելեց Կամո Արեյանը: