Նավթի շարունակվող արժեզրկումը կարող Է հանգեցնել համաշխարհային նավթաշուկայից դժվար կորզվող նավթի ծավալի կեսի հեռանալուն, ներառյալ թերթաքարայինը: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել Է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Աբդալա Սալեմ ալ Բադրին:
Նա ելույթ Է ունեցել այսօր Լոնդոնում բացված Oil and Money միջազգային խորհրդաժողովում: «Նավթի ներկայիս գների պայմաններում դժվար կորզվող նավթի մինչեւ 50 տոկոսը կանհետանա շուկայից»,-ընդգծել Է նա: Ալ Բադրիի խոսքով՝ դժվարաթափանց շերտերից արդյունահանվող նավթը բարելի 90-100 դոլար գին Է պահանջում:
«Մենք գտնում ենք, որ նավթի ցածր գների հետեւանքները շուկան իր վրա կզգա միայն 2015 թվականին»,-նշել Է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարը: Որպես իր եզրակացությունների ապացույց, նա բերել Է այն փաստը, որ թերթաքարային նավթ արդյունահանող ընկերություններն այժմ փորձում են հեջավորել նավթի ապագա ցածր գները:
Անդրադառնալով շուկայի ներկա դրությանը՝ ալ Բադրին ասել Է, որ «այժմ պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցումը կազմում Է օրական միայն 1 մլն բարել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: