Նավթի գինը երկար չի գտնվի մեկ բարելի դիմաց 100 դոլարից ցածր մակարդակի, քանի որ դրա պահանջարկն անխուսափելիորեն կրկին կաճի: Այդ մասին ասված է չորեքշաբթի հրապարակված Bloomberg գործակալության հոդվածում, հաղորդում է ТАСС-ը:
«Չնայած նավթի գների անկման մասին բոլոր խոսակցություններին՝ շուկայում իրավիճակը վկայում է այն մասին, որ իրականում քիչ բան է փոխվել, գները շուտով կրկին կբարձրանան, քանի որ «սև ոսկու» պահանջարկի առկա նվազումը կարճաժամկետ կլինի»,- գրված է հոդվածում:
Ինչպես ընդգծում է գործակալությունը, չնայած նրան, որ հաջորդ ամիս Brent ապրանքանիշի նավթի մատակարարման պայմանագրերի արժեքը հունիսից ընկել է 25 տոկոսով՝ մինչև բարելի դիմաց 86,03 դոլար երեքշաբթի օրվա առևտրային գործարքների արդյունքներով, 2020 թվականի պայմանագրերի արժեքը մնացել է 91,53 դոլարի մակարդակի:
Bloomberg-ի գնահատականներով՝ վաճառքի մասնակիցները չեն կարծում, որ նավթի պահանջարկի անկումը երկարատև կլինի: Standard Chartered-ի, ինչպես նաև Sanford C. Bernstein & Co. ներդրումային ընկերության փորձագետները նույնպես հայտնել են Bloomberg-ին, որ նավթի գները, իրենց կարծիքով, մինչև 2020 թվականն աճելու են մինչև բարելի դիմաց 100 դոլար: