2015թ.-ի պետական բյուջեի նախագծով Մարդու իրավունքներին պաշտպանի գրասենյակին նախատեսված է հատկացնել 245,6 մլն. դրամ, որը 2014թ.-ի ցուցանիշից ավելի է 26,4 մլն. դրամի չափով. այս մասին այսօր նախագծի քննարկմանն ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ՄԻՊ գրասենյակին հատկացված ավելացված գումարների համար էական առանձնահատկություն չկա, հիմնականում տրվել է ավել գումար աշխատավարձի ավելացման և էլեկտրաէներգիայի թանկացան համար:
«Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, թե անցած տարի 10 մլն լրացուցիչ գումարի համար «մեծ պատերազմ գնաց», և ի վերջո համաձայնեցին բարձրացնել: «Ստացվում է՝ երեք միլիոնով պակասել է, որն ըստ պաշտպանի, մեծ անհրաժեշտություն էր, այդ ինչպես հասկանանք, այլևս այդ գումարը անհրաժեշտ չէ՞»,-հարցրեց նա:
Պավել Սաֆարյանն ընդգծեց, թե այդ գումարը որևէ առնչություն չունի 10 մլն.-ի հետ: Կապի ծախսերը կրճատվել են 1 մլն.-ով՝ կապված կապի սակագների իջեցման հետ, ոչ գրասենյակային նյութերն են պակասել, վարչական սարքավորումները և այլն: «Ամեն տարի կոնդիցիոներ ու ավտոմեքենա չեն առնում»,-ասաց նա:
Հարցին, թե գո՞հ է պաշտպանի գրասենյակը, պատասխանեց. «Գոհը հարաբերական է, ամեն դեպքում այն տարաձայնությունը, ոնց դուք եք նշում, այս տարի չկա»: