2015-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը արտգործնախարարության հատկացումների մասով ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց, թե ինչու են երկրի այսօրվա պայմաններում ԱԳՆ-ի բյուջեն ավելացնում։
«40 տոկոս աղքատություն կա երկրում, դուք ապարատի ծախսերն եք ավելացնում: Իհարկե, ասում եք՝ ինչու է դա արվում, բայց կուզենայի ճշտել՝ ի՞նչ տիպի ներկայացուցչական մեքենաներ են ձեռք բերվելու, ո՞ւմ համար, ի՞նչ մակնիշի, ի՞նչ արժողության»,– հարցրեց նա:
Պավել Սաֆարյանը խնդրեց 40 տոկոս աղքատության ու ԱԳՆ–ի պահպանման ծախսերի մեջ ուղղակի կապ չտեսնել. «Այնպես չէ, որ ծախսեր չկատարենք, աղքատությունը կկրճատվի: Դա պայմանավորած է աշխատավարձի բարձրացմամբ, որի հայեցակարգը ԱԺ-ում հավանության է արժանացել, այլ լրացուցիչ բան չկա, քան ձեր կողմից ընդունվածը: Հետո էլեկտրաէներգիայի սակագներն են բարձրացել, պետք է ավելացվեն չէ՞ գումարները»:
Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին, ապա Ֆինանսների փոխնախարարը նշեց, թե ձեռք է բերվելու երկու մեքենա. «Մեկը ծառայողական է, արժե 10 միլիոն դրամ, իսկ մյուսը՝ միկրոավտոբուս է, արժե 15 միլիոն»:
Վահան Բաբայանը հավելեց, որ զարգացած երկրներում բոլոր կառավարությունները գնում են ապարատների ծախսերի կրճատման, որպեսզի սոցիալական ոլորտում ավելի լուրջ առաջընթաց լիներ:
«Հանդիպման նպատակը այն է, որ բյուջեն քննարկենք, ընդհանուր լուծումներ գտնենք, ոչ թե դժգոհություններ լսենք: Եթե 40 տոկոսը կրճատելու համար բյուջեում ռեսուրսներ կգտնեք, սիրով կկրճատենք»,- պատասխանեց Պավել Սաֆարյանը: