Բիզնես 

Ֆինանսների նախարարությունն արձանագրել է 93.3 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն

analitik.am

Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 20-31-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս  ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 19 ստուգումների արդյունքում արձանագրվել է 93.3 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ՏԵԼԵՄԱՐԿԵՏ» ՍՊԸ`  18.6 մլն դրամ, «ԷԼԻՏԱՐ» ՍՊԸ` 8.1 մլն դրամ, «ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» ՍՊԸ՝ 6.7 մլն դրամ, «ԱՌԴԵԼԻԿԱՏԵՍ» ՍՊԸ` 6.3մլն դրամ, «ՊՐՈԴԻՆՎԵՍՏ-ՏՊԿ» ՍՊԸ` 6.1 մլն դրամ և այլն:


Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 34 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 17-ի մոտ՝ հսկիչ գնումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 10 ստուգումներ: 27.7 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների ճշգրտումներ են ներկայացվել կատարված նախնական հաշվարկների մասով:


Էլեկտրոնային հարկային հաշիվների նկատմամբ մշտական մոնիթորիգի իրականացման աշխատանքների կազմակերպման արդյունքում 2014 թվականին 2013 թվականի համեմատ նկատվել է տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության աճ, մասնավորապես, 2014 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներով արտացոլված շրջանառությունը 2013 թվականի երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 54 մլրդ 883 մլն դրամով կամ 11.7%-ով, իսկ 2014 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 76 մլրդ 624 մլն դրամով կամ 17%-ով: Միաժամանակ, ավելացել են նաև մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակները` համապատասխանաբար 702.3 հազար հատով և 211.2 հազար հատով:


Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, հոկտեմբերի երրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 23 միջոցառում` կապված  հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ,  բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6  ստուգում, իսկ  87 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում համապատասխան հարկ վճարողներին առաջադրվել է 13.2 մլն դրամի տուգանք:


Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 36 հազար 657 հատ կամ 165%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը նվազել է 3579 մլն դրամով կամ 35%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 8 հազար 133 հատով կամ 6%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարը աճել է 1մլրդ 255.2 մլն դրամով կամ 23.2%-ով:


Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկումամբ պարզել է, որ հոկտեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3246 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.6 մլրդ դրամ ընդհանուր շրջանառությամբ (ներառյալ ԱԱՀ):


Փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման, նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման, ինչպես նաև  հարկային բեռի ավելացման միջոցով 79 հարկ վճարողի մոտ առաջացել է 33 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:


Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման, աշխատավարձերի իրական մակարդակներիարտացոլմանն ուղղված աշխատանքների արդյունքում 45 հարկ վճարողի մոտ 267-ով ավելացել է աշխատողների թվաքանակը, մասնավորապես, «ԲԼԵՍԿ ՍՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ում` 35 աշխատողով, «ՍԱԴԵ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹ. ՀԱՅ. ՄԱՍՆ.»-ում` 41 աշխատողով:

Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի երրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 167.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Նույն շարքից