Բիզնես 

ՀՀ պետբյուջեի նախագծում տեղ են գտել կրթության ոլորտի բարելավման նոր ծրագրեր

analitik.am

Հայաստանի Հանրապետության 2015թ. պետբյուջեի նախագծում իրենց արտացոլումն են գտել կրթության ոլորտի բարելավմանն ուղղված նոր ծրագրեր: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետակակն բյուջեի նախնական քննարկմանը հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Նշեմ, որ այդ ծրագրերն ընդգրկված են նաև կառավարության գործունեության ծրագրում, իրենց արտացոլումն են գտել նաև պետբյուջեում, և կֆինանսավորվեն պետական միջոցներից»,-  նշեց Աշոտյանը:


Այդ ծրագրերից առաջինը հայրենասիրական դաստիարակության նոր հայեցակարգի և միջոցառումների նոր տեսակի ներդրման ծրագիրն է: Ծրագիրը եռակողմ համագործակցության արդյունք է՝ ՀՀ կրթության և գիտության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև Երկրապահ կամավորականների միության միջև: «Ծրագրի նպատակն է ստեղծել Պատանի երկրապահների ակումբներ և ներկայացնել ծրագրային միջոցառումների ցանկ և բովանդակություն՝ ապագայում բոլոր հանրակթրական դպրոցներում նման հայրենասիրական դաստիարակության ակումբներ հիմնելու համար: Այս տարի 60 միլիոն դրամից ավելի գումար է տրված ծրագրի իրականացման համար»,- ընդգծեց նախարարը:


Նախարարը կարևորում է նաև Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որը փաստացի մեկնարկել է այս տարի, սակայն 2015թ. առաջին անգամ մուտք է գործում երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթ: «Ծրագրի իրականացման համար պետական բյուջեով նախատեսված է 450 միլիոն դրամ: Այս տարվա ընթացքում նույնպես կատարվել է հատկացում` նախարարության տնտեսումների հաշվին»,- նշեց Աշոտյանը:

Նույն շարքից