Բիզնես 

Օբյեկտիվ երևույթ է, որ շաքարավազի շուկան պատկանում է մեկ խոշոր ընկերության. ՏՄՊՊՀ նախագահ

analitik.am

Թե ո՞ւմ հետ է մրցակցում շաքարավազի դաշտում «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ըստ էության խոստովանում է՝ ոչ ոքի, ինչն օբյեկտիվ գործոնով է պայմանավորված, որ շաքարավազի շուկան պատկանում է մեկ խոշոր ընկերության:

«Շաքարավազի 99 տոկոսը պատկանում է «Ալեքս Գրիգ» ընկերությանը: Կան փոքր ընկերություններ ներմուծող, բայց իհարկե դրա մասին չէ խոսքը: Ես ուզում եմ այս հարցին վերջնական ու սպառիչ պատասխան տալ: Այն, որ պատկանում է մեկ խոշոր ընկերության, օբյեկտիվ գործոն է, օբյեկտիվ երևույթ է, որովհետև 99 հազար տոննա շաքարավազի հումք է ներկրում այս ընկերությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Մրցակցություն ապահովվող գերատեսչության նախագահն ընդգծում է, թե այս հարցում մրցակցության մասին չէ խոսքը, այլ՝ չարաշահումների:

«Ես մի քանի անգամ ասել եմ, որ եթե մի շուկայում կա խոշոր ընկերություն և այն մեծ մասնաբաժին ունի, դա դեռևս խնդիր չէ ո՛չ մեր երկրի, ո՛չ ամբողջ աշխարհի համար: Խնդիրը չարաշահումների մեջ է: Ես գիտեմ, ձեզ մտահոգում է այն հարցը, թե ինչու է մեկ ընկերությանը պատկանում: Ասեմ, որ կան ոլորտներ, շուկաներ, որտեղ խոշոր ընկերությունների առկայությունը օբյեկտիվ գործոն է, որովհետև մեր երկիրը փոքր է, շուկաները սահմանափակ են: Շատ ապրանքներ կան, որոնք ներմուծվում են խոշոր միջազգային արտադրողներից, դրանք պետք է ներմուծվեն մեծ քանակով և նրանք, ովքեր կարող են մեծ խմբաքանակով ձեռք բերել, մրցակցային առավելություն կստանան և փոքր ընկերությունները, օբյեկտիվորեն, չեն կարողանում մրցակցել»,–ասաց նա։

Շաբոյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ն բազմաթիվ անգամ ուսումնասիրել է շաքարավազի շուկան և եկել եզրակացության, որ Հայաստանում շաքարավազի 1 կգ-ի համար սահմանված գները համապատասխանում են միջազգային շուկայի գներին:

«Շաքարավազի գները, ի տարբերություն շատ երկրների, վերջին ժամանակներում նվազման միտում ունեն, նվազել են»,- ասաց Արտակ Շաբոյանը:

 

ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ տեղյակ չէ, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շրջանակներում տնտեսական արտոնություններ են տրվելու համար երեք խումբ ապրանքների հարցով ՝ ռազմական տեխնիկա, քաղաքացիական ինքնաթիռներ և շաքարավազ:

Ավելին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծի 3-րդ հավելվածի 42 կետում սահմանված է, որ 2015-2025 թթ.. ընթացքում վերամշակման համար շաքարի հումքի ներմուծումը ՀՀ ազատվում է մաքսատուրքերից:

«Խնդրում եմ քաղաքականությանը վերաբերող հարցեր մի տվեք: Շաքարավազի շուկայից տեղյակ եմ, մանրամասն ուսումնասիրել ենք, մեր դաշտում է գտնվում: Իսկ ձեր ասածից ես տեղյակ չեմ, չգիտեմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե Սամվել Ալեքսանյանի՝ շաքարավազի ներկրման մենաշնորհային իրավունքը նման որոշմամբ չի՞ ահագնանում, Արտակ Շաբոյանը հորդորեց հարցն իրեն չուղղել:

«Շաքարավազի մեծ չափով հումք է ներկրվում, տեղում կազմակերպվում է արտադրությունը և, բնականաբար, այն ավելի էժան է նստում, քան պատրաստի շաքարավազի ներմուծումը»,-ասաց նա:

Նույն շարքից