Բիզնես 

Բյուջեի եկամուտների աճը կլինի խոշոր հարկատուների վճարած հարկային եկամուտների հաշվին. Արմեն Ալավերդյան

analitik.am

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, ԱԺ-ում ներկայացնելով 2015 թ-ի բյուջեի նախագծի եկամուտները, խոսեց գործիքակազմի մասին։

«Դրանցից առաջինը ծանուցումների համակարգն է, որը համատարած կիրառվում է հանրապետությունում, երկրորդը՝ էլեկտրոնային համակարգի ներդնումը, երրորդը՝ հսկողության ու գնումների գործիքներն են»,-ասաց փոխնախարարը:

 

Փոխնախարարը շատ կարևորեց նաև հարկային հաշիվների էլեկտրոնային համակարգը, որի հիման վրա բավական շատ գումարներ են ապահովվում պետական բյուջե:

 

Արմեն Ալավերդյանը նկատեց, թե օրենսդրական նախաձեռնությունների շնորհիվ՝ բյուջեում աճ է սպասվում, բայց հիշեցրեց նաև այն օրենսդրական նախաձեռնությունների մասին, որոնց պատճառով եկամուտների նվազում է սպասվում. դրանցից մեկը վերաբերում է սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններ տալուն։

«Դրա նախնական գնահատականը տրվել է՝ շուրջ 2,5 միլիարդ դրամ եկամուտների կորուստ և երկրորդ փաթեթը՝ Ավելացված արժեքի հարկի փաթեթի հետ կապված՝ 5,2 միլիարդ դրամի կորուստ կունենանք»,-ասաց Ալավերդյանը:

Եկամուտների աճը, ըստ փոխնախարարի, պայմանավորված է լինելու խոշոր հարկատուների վճարած հարկային եկամուտներով:

«Դուք տեղյակ եք, որ հանրապետությունում տասնյակ հազարավոր շրջանառության հարկ վճարողներ ցածր դրույքաչափով պետք է հարկ վճարեն, այն է՝ 3,5-ի փոխարեն 1%, և այդ բացը պետք է լրացվի փաստաթղթաշրջանառության հաշվին, այսինքն` այն միջոցառումը, որը մենք սկսել ենք, պիտի շարունակենք շատ ավելի խորացված 2015 թվականին, պետք է տնտեսվարող սուբյեկտներից՝ խոշորներից շրջանառությունների աճն այն աստիճանի բարձրացվի, որ դա թույլ տա նրանցից գանձել ԱԱՀ, և այդ թվի նվազագույն սահմանը 12 միլիարդ դրամ լինի»,-նշեց ֆինանսների փոխնախարարը:

Նույն շարքից