Բիզնես 

«Նաիրիտ»-ի հարցով ենթահանձնաժողով կստեղծվի

analitik.am

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում որոշում է կայացվել ստեղծել «Նաիրիտ գործարան»-ի մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր ենթահանձնաժողով:   Նախագծի համահեղինակներ են ՀԴՅ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգություն»-ը: Նախագիծը ներկայացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող են ստեղծել հանձնաժողով եւ քննարկել «Նաիրիտ»-ի հարցը, եթե անգամ հայտնի չէ, թե ով է սեփականատերը:   Արծվիկ Մինասյանն էլ կարծիք հայտնեց, որ նաեւ այդ նպատակով են ստեղծում ենթահանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ այն ինչ գտնվում է Հայաստանում, սեփականատերը ՀՀ-ն է:   Որոշվեց, որ հանձնաժողովի անդամները կլինեն տասը:


Երբ որոշում էին, թե որ խմբակցությունից ով է ներգրավվելու ենթահանձնաժողովի աշխատանքներում, ուշացումով նիստին եկած ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հրաժարվեց մասնակցել ենթահանձնաժողովի աշխատանքներին՝ հայտարարելով, թե այդ հարցով թող դիմեն կոնկրետ ՀԱԿ կուսակցությանը. «Ճիշտ է, առանցքային հարցերի վերաբերյալ ես տեղեկացնում եմ խմբակցությանը, սակայն եթե ուզում եք ենթահանձնաժողովում ՀԱԿ-ն անդամ ունենա, դիմեք իրենց: Ես շատ զբաղված եմ այս ընթացքում, չեմ կարող մասնակցել եւ անգամ Գազի հանձնաժողովի աշխատանքներին չեմ մասնակցում»: Հանձնաժողովը որոշեց նաեւ «Նաիրիտ»-ի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներն ամփոփել 2015թ. սեպտեմբերին: 

Նույն շարքից