Բիզնես 

Երվանդ Զախարյանը ՀՀ էներգահամակարգի ֆինանսատնտեսական վիճակը ոչ բարվոք է գնահատել

analitik.am

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի բարելավման հարցերին, կորուստների առաջացման պատճառներին ու դրանց նվազեցման հնարավորություններին: Խորհրդակցությանը մասնակցել են էներգահամակարգի բոլոր օղակները՝ արտադրող կայանների, «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչները, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի» և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորորղ հանձնաժողովի անդամները: 

Այս մասին հայտնում են Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարության աշխատանքային խմբի կողմից վերոնշյալ խնդիրների շուրջ արդեն իսկ կատարվել են ուսումնասիրություններ և նախանշվել որոշ քայլեր՝ էներգահաշվեկշիռները առավել իրատեսական դարձնելու, ներդրումների արդյունավետության, սպառողներին մատակարարվող ծառայությունների որակի բարձրացման, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացման և կորուստների նվազեցման միջոցով էներգահամակարգի ընկերությունների ֆինանսական վիճակի կայունացման համար: 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ողջունել է խորհրդակցության մասնակիցներին ու նշել, որ քննարկումների արդյունքում պետք է հաստատվի շահագրգիռ բոլոր կողմերի համար հասկանալի և ընդունելի ծրագիր՝ էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի բարելավման, կորուստների առաջացման պատճառների ու դրանց նվազեցման համար: 

Մինչ քննարկմանն անցնելը նախարար Երվանդ Զախարյանը անդրադարձել է էներգահամակարգի այսօրվա ֆինանսատնտեսական վիճակին՝ գնահատելով այն մեղմ ասած ոչ բարվոք:

«Համակարգում կուտակված են մեծ պարտքեր: Համակարգի միայն պետական ձեռնարկությունների ընդհանուր առևտրային վարկերի չափը հասնում են 13 մլրդ դրամի, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկային պորտֆելը՝ մոտ 224 մլն. դոլար է: Այդ վարկերի սպասարկումը սակագներում նախատեսված չէ, ինչն այսօր լրացուցիչ բեռ է համակարգի համար: Դրանից բացի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների հանդեպ կուտակել է մոտ 15 մլրդ դրամի պարտք»-,ասել է Երվանդ Զախարյանը: 

Նախարարը նշել է, որ էներգահամակարգի համար լուրջ խնդիր է կորուստների և ընդհանրապես հաշվառման համակարգի բարելավման հարցը: Այդ հարցն, ի դեպ, հանրային հնչեղություն ունեցող ու հանրությանն ամենաշատը հուզող հարցերից մեկն է:  

«2009 թվականից մինչ այսօր էներգահամակարգում կորուստների չափը չի իջել ոչ մի տոկոսով, այնինչ ուսումնասիրությունների համաձայն կորուստների 1 % իջեցումը երկու տարվա կտրվածքով կարող է ապահովել 5,1 մլրդ դրամ եկամուտ»,- ասել է նախարարը: 

Նրա խոսքով հետխորհրդային որոշ երկրների էներգահամակարգերում կորուստները 9-10 տոկոսի սահմաններում են: Իսկ Հայաստանի էլեկտրական ցանցերում, 2013 թվականի ընթացքում, կորուստները կազմել են 13,39 % /այդ թվում ՝ առևտրային կորուստները 2,27%/, այնինչ կարգավորող հանձնաժողովի հաստատած թույլատրելի սահմանը 11,2 տոկոս է: 

Նույն ժամանակահատվածում Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում էլէկտրաէներգիայի կորուստները կազմել է 2,03%:

«Վիճակն անհանգստացնող է ընդհանուր էներգահամակարգում: Այսպես աշխատել այլևս հնարավոր չէ, բոլորս պետք է վերանայենք մեր մոտեցումները և անենք ամեն ինչ՝ իրավիճակը շտկելու համար»,- ասել է նախարարը:

Նա նշել է նաև, որ քննարկումների արդյունքում կմշակվի փաստաթուղթ, որտեղ կներառվեն բոլոր կողմերի առաջարկները:

«Մշակված փաստաթուղթը պետք լինի բոլորիս սեղանին և դառնա մեր աշխատանքային ծրագիրը՝ առաջիկա տարիների համար»,-ասել է Երվանդ Զախարյանը:

Նույն շարքից