Բիզնես 

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%

analitik.am

2014 թ. նոյեմբերի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է  վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75%: 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է. «2014 թ. հոկտեմբերին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մոտեցել է տատանումների միջակայքի ստորին սահմանին՝ ամսվա վերջին կազմելով 2.2%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կշարունակի մոտենալ իր նպատակային ցուցանիշին և կկայունանա դրա շրջակայքում: 

Արտաքին հատվածում հիմնականում պահպանվում են արտաքին պահանջարկի վերականգնման դանդաղ տեմպերը, ինչի ներքո ապրանքահումքային շուկաներում շարունակվում են դրսևորվել գնանկումային միտումներ: Այնուամենայնիվ, Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումները դեռևս պահպանում են էական անորոշություններ՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների և ապրանքահումքային շուկաների հետ:

ՀՀ տնտեսությունում 2014 թ. երրորդ եռամսյակից դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի ավելացում, այնուամենայնիվ, տնտեսական աճը շարունակում է մնալ ցածր մակարդակում: Չնայած արտաքին և ներքին տնտեսություններում պահպանվող ցածր պահանջարկին, ԿԲ խորհուրդը միակարծիք է, որ մինչ օրս իրականացված դրամավարկային պայմանների շարունակական թուլացումը և ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կարճաժամկետում կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: 

Վերջինիս հնարավոր է նպաստի նաև հոկտեմբերից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրումը: Արդյունքում, 2015 թ. և կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում 12-ամսյա գնաճը կգտնվի նպատակային ցուցանիշին մոտ` տատանվելով թույլատրելի միջակայքի սահմաններում:

Միջնաժամկետ հատվածում արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներին ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ ապահովելով այդ ժամանակահատվածում գնաճի նպատակի իրագործումը: 

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ նոյեմբերի 21-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2014 թ. չորրորդ եռամսյակի ծրագրում)»: 

Նույն շարքից