Բիզնես 

Վահրամ Բաղդասարյանը` 2015թ. պետբյուջեի նախագծի մասին

analitik.am

 ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծում ռիսկայնությունը քիչ է, ինչը շատ կարևոր է: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով  ընդդիմադիր պատգամավորների կողմից պետբյուջեի նախագծի քննադատություններին: «Այս բյուջեն ներդաշնակ է նախորդ տարիների բյուջեներին՝ կառուցողական է և սոցիալական: Այս բյուջեում քիչ է նաև ռիսկայնությունը, ինչը շատ կարևոր է, քանի որ ներկա իրավիճակում կտրուկ փոփոխությունները կարող են վտանգավոր լինել»,- նշեց Բաղդասարյանը:


Նա ընդգծեց, որ իրենք երբեք չեն ասել, որ բոլոր խնդիրները կարգավորված են, սակայն խորհուրդ տվեց ընդդիմադիր ուժերին այդքան վատատես չլինել: Նա նշեց, որ 90-ականների համեմատ էականորեն աճել է ՀՆԱ-ում մեկ շնչին բաժին ընկնող թիվը: 1995թ. ՀՆԱ-ում մեկ շնչին բաժին է ընկել ընդամենը 390 դոլար, 2005թ. դարձել է 1500 դոլար, իսկ 2014թ.՝ 2800 դոլար: «Ահա այս թվերը ցույց են տալիս, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան ասում են մեր ընդդիմադիրները: Ես ներկայացրեցի համեմատություն այն տարիների հետ, երբ իշխանության է եղել այլ քաղաքական ուժը, և դուք տեսնում եք, որ տարիների ընթացքում մենք այստեղ լուրջ աճ ունենք»,- նշեց Բաղդասարյանը:

Նույն շարքից