Բիզնես 

Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 1.3 մլն դրամ գումար

analitik.am

ՀՀ բնապահպանության նախարարության` նոյեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.53 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 34 մլն դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:


Մասնավորապես, Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման չորս գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել են 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Երևանի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 40.44 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 300 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 33.96 մլն դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար տրվել է այն վերացնելու վերաբերյալ  պարտադիր կատարման հանձնարարական, իսկ բաժնի վարույթին հանձնված մեկ գործի քննության արդյունքում կայացվել է 300 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Սյունիքի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար տրվել է խախտումները վերացնելու պարտադիր կատարման երեք հանձնարարական:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:                                

Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Ճամբարակի և Գավառի բաժինների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում, իսկ առգրավված 16.4 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:  Հայտնաբերվել և առգրավվել է տիրազուրկ 160 հատ (30.5կգ) կարաս տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Երևանի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ, իսկ  Շիրակի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.3 մլն դրամ գումար:  

Նույն շարքից