Բիզնես 

Կառավարությունը սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարները կփոխհատուցի նվազագույնը 50 տոկոսի չափով

analitik.am

Սահմանամերձ շուրջ 31 համայնքների բնակիչների կոմունալ վճարները կփոխհատուցվեն նազագույնը 50 տոկոսով: Ազգային ժողովում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին, ով խնդրեց մոտավորապես ներկայացնել փոխհատուցման չափերը: «Մենք մեր քննարկումների ժամանակ ուղենիշ ենք սահմանել, որ փոխհատուցումը լինի նվազագույնը 50 տոկոսով»,- նշեց Տերտերյանը:


Տերտերյանն ընդգծեց, որ անցած և նախանցած տարիներին արտոնությունների ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում  էլեկտրաէներգիայի միջինացված ծախսը  եղել է 110 կիլովատի շրջանակում, գազի միջինացված ծախսը՝ 30 խորանարդ մետր: «Մենք գնահատած ունենք նաև ոռոգման ջրի ծավալները, որովհետև փաստացի փոխհատուցել ենք 50 տոկոսի չափով: Եվ եթե 50 տոկոսի փոխհատուցման գնահատականով գնանք էլեկտրաէներգիայի, գազի և ոռոգման ջրի պարագայում, ապա խոսքը կարող է գնալ շուրջ 1 միլիարդ դրամի մասին: Ինչո՞ւ եմ ասում շուրջ 1 միլիարդ, որովհետև այս պահին ճշգրիտ հաշվարկներ չեն կարող լինել, քանի որ համայնքների բյուջեները նոր են հաստատվում, և փաստացի ծախսերը կիրականացվեն 2015թ.: »,- ընդգծեց Տերտերյանը:

Նույն շարքից