Հայաստանի ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների 20-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչները ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ քննարկում են ոլորտի խնդիրները: Քննարկմանը մասնակցում են նաև ՀՀ էկոնոմիայի նախարարի խորհրդական Արթուր Աշուղյանը, նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:
Էկոնոմիայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ քննարկման նպատակը ոլորտում առկա խնդիրների վեր հանումն է, աշխատանքներին խոչընդոտող հանգամանքների ուսումնասիրությունն ու առաջարկությունների ներկայացումը հենց գործարարների կողմից:«Կխնդրեի յուրաքանչյուրդ ներկայացնեիք ձեր արտադրության ծավալները, եթե կան նվազումներ, նշել, թե ինչով են դրանք պայմանավորված»,-ասաց Կարեն Ճշմարիտյանը:
Նշյալ ոլորտների գործունեությունը խթանելու և արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով 2013 թվականի հուլիսին ընդունվել է ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության զարգացման ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը: Ծրագրով նախատեսված միջոցառումները գտնվում են իրականացման փուլում:
Ներդրումներ ներգրավելու, արտասահմանյան առաջավոր ընկերություների մուտքը խրախուսելու նպատակով Երևանում ստեղծվել է «Մերիդիան» ազատ գոտին, որն ամբողջությամբ կգործի 2015-ի հունվարից:
2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «ՀՀ կառավարության ու ՌԴ կառավարության միջև ՀՀ բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրով տեղական ընկերություններին հնարավորություն է ընձեռվել ՌԴ-ից ներկրել ալմաստներ արտահանման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափով: