Բիզնես 

Գնաճը կլինի թույլատրելիի սահմաններում, դրամի տատանումները ԿԲ հսկողության տակ են. ԿԲ խորհրդի անդամ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ տեղի է ունեցել դրամի փոխարժեքի ճշգրտում: Իսկ թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ գնաճի վրա, նշեդ, որ ԿԲ-ն գնաճային մեծ ռիսկեր չի գնահատում, տարեվերջին ու հաջորդ տարի գնաճի տատանումները լինելու են թույլատրելիի միջակայքում, որը սահմանված է ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրով:

«Այս առումով մենք էական ռիսկեր չենք տեսնում: Ինչ վերաբերում է ֆինանսական կայունությանը, ևս մեծ ռիսկեր չենք նկատում: Ուզում եմ նաև հանրությանը հավաստիացնել, որ այս ամբողջ գործընթացը գտնվում է ԿԲ հսկողության ներքո, մենք ամեն ինչ անելու ենք, որ դրամի կայունություն լինի: Բացառելու ենք սպեկուլյատիվ դրսևորումները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի միջազգային պահուստները հնարավորություն են տալիս ապահովել դրամի կայունությունը:

Նշենք, որ վերջին երկու շաբաթների ընթացքում գրանցվել է դրամի շեշտակի արժեզրկում, ինչի շուրջ Արմենակ Դարբինյանը նշեց, որ Ճիշտ կլինի օգտագործել դրամի փոխարժեքի ճշգրտում տերմինը, քանի որ այդ հանգամանքը պայմանավորված է օբյեկտիվորեն գոյություն ունեցող և ազգային արժութային շուկայի վրա ազդող գործոններով:

«Առաջին հերթին արտաքին գործոններն են՝ պայմանավորված մեր գործընկեր երկրներում տեղի ունեցող զարգացումներով, հատկապես Ռուսաստանի և Ուկրաինայի օրինակներով: Ռուսաստանի հետ մեր տնտեսությունը մեծապես կապված է, և, բնականաբար, այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չազդել մեզ վրա»,-ասաց նա։

Արմենակ Դարբինյանը նաև ավելացրեց, որ հաջորդ արտաքին գործոնը միջազգային ապրանքահումքային շուկաներում տեղի ունեցող զարգացումներն են: Ինչպես նաև կապված զարգացող երկրների տնտեսական աճի զարգացման տեմպերի հետ՝ համաշխարհային շուկայում տարբեր ապրանքային շուկաներում նկատվող գնանկումային միտումները անդրադառնում են Հայաստանին վրա՝ կոնկրետ նույն ապրանքների մասով։

Ըստ նրա՝ այդպիսով վերջին երկու շաբաթներին արժութային շուկայի վրա ճնշումն ուժեղացել էր, հասունանում էր դրամի փոխարժեքի ճշգրտումը, քանի որ հակառակ պարագայում մի շարք բացասական հետևանքներ կառաջանային: Դա էլ իր հերթին կարող էր հանգեցնել արտահանման ծավալների կրճատման, զբաղվածության և եկամուտների ծավալների կրճատման:

«Կարևոր հանգամանք է նաև այն, որ արժութային շուկայում, եթե փորձում ես արհեստականորեն պահել ազգային արժույթի փոխարժեքը, տեղի է ունենում արժութային ռեզերվների հաշվին»,-ասաց նա:

Նույն շարքից