Այսօր ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ փոքր բաժնետերերի խնդրին` ասելով, որ ներկայումս Հայաստանում տեղի է ունենում փոքր բաժնետերերի դուրս մղման գործընթաց:
Նրա համոզմամբ` բաժնետերերի մասին օրենքն ամբողջությամբ պետք է վերանայվի ու փոփոխությունների ենթարկվի: ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ի պատասխան, նախ նշեց, որ Հայաստանի շուկան օտարերկրյա ներդրողների համար հասանելի դարձնելը հրատապ է, հետո, անդրադառնալով փոքր բաժնետերերի խնդրին, նշեց, որ այդ հարցը արագ լուծվող հարցերից չէ, որովհետև պետք է փոխվեն ինստիտուտներ ու ռազմավարություն: «Կիսում եմ Ձեր մտահոգությունը` փոքր բաժնետերերի մասով անելիքներ ունենք, բայց, միայն օրենք փոխելով, հնարավոր չէ դա կասեցնել: Այդ ամենը պետք է փոխվի ինստիտուցիոնալ համակարգում»,- ասաց Ներսես Երիցյանը: