Բիզնես 

«Արմենիա վայն» գործարանի «Արմենիա» շամպայնը մինչև Ամանոր կլինի շուկայում

analitik.am

Արագածոտնի մարզի Սասունիկ Համայնքում գտնվող «Արմենիա վայն» գործարանը այսօր առաջին անգամ սկսեց «Արմենիա» շամպայնի շշալցումը, ինչի առիթով այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց գործարան և ծանոթացավ գործարանում իրականացվող աշխատանքների հետ:

Շամպայնի շշալցումը գործարանում իրականացվելու է հանրահայտ «Շառմա» մեթոդով, որն առաջին անգամ կիրառվել է 1907թ.-ին Ֆրանսիայում: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց գործարանի արտադրության տնօրեն Մաթիո Բեսնեն, շամպայնի պատրաստման ողջ գործընթացը բնական է և օգտագործվում են այն նույն մեթոդները, ինչ Ֆրանսիայում։

«Մեր նպատակը շամպայնի որակը բարձրացնելն է՝ ֆրանսիական, իտալական շամպայնների մակարդակին հասցնելը: Մենք կունենանք թարմ բալանսավորված թթվայնությամբ շամպայն, բնական արմատով և նուրբ պղպջակներով: Այդ պղպջակները գոյանում են բնական գործընթացի շնորհիվ, ոչ թե արհեստական»,- ասաց նա և վստահեցրեց, որ մինչև Ամանոր «Արմենիա» կիսաքաղցր և բրուտ տեսակի շամպայնները դուրս կբերվեն շուկա:

Ֆրանսիական «Բորդո» գործարանից ժամանած մասնագետ, ներկայումս «Արմենիա վայն» գործարանի գլխավոր կոնսուլտանտ Ժան Բատիստ Ֆուլան ընդգծեց, որ այսօր ընկերությունը հպարտ է արտադրել իր առաջին շամպայնը, որը բարձրորակ արտադրանք է՝ արտադրված լավագույն ժամանակակից տեխնոլոգիաներով:

Հարցին, թե ինչքանով է այն մրցունակ եվրոպական շուկայում, պատասխանեց. «Մեր և՛ շամպայնը, և՛ գինին բարձրորակ են և ուրախ կլինեի, որ անգամ Բորդոյում արտադրվող բոլոր գինիները ունենային այն որակը ինչ «Արմենիա վայնում»: Հայաստանը օրհնված է, որովհետև այստեղ կարողանում են արտադրել բարձրորակ խաղող, իսկ նման խաղող ամեն տեղ չէ, որ արտադրվում է»,- ասաց նա և ընդգծեց, որ Հայաստանի հողն ու ջուրը ևս յուրահատուկ համ են տալիս արտադրանքին:

Նույն շարքից