Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրում նոր ատոմային էլեկտրակայաններ ստեղծելու մասին կառավարության ծրագիրը: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է նոյեմբերի 30-ին օրենսդիրների` Իրանի նախագահ Հասան Ռոհանիի անունով ուղարկած նամակում:
Ինչպես նշում է ԻՐՆԱ գործակալությունը` փաստաթուղթը ստորագրել են խորհրդարանի 290 պատգամավորից 201-ը: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ երկրի օրենսդիր մարմինը կաջակցի կառավարությանը Բուշերում ԱԷԿ-ի կառուցման երկրորդ փուլի ամբողջական բյուջետային ֆինանսավորման գործում: Երկրորդ փուլը նախատեսում է երկու նոր էներգաբլոկի կառուցում և ռեակտորների թիվը հետագայում 4-ի հասցնելու հնարավորությունը:
Իրանում նոր ատոմային էներգետիկ կառույցների կառուցման համաձայնությունների փաթեթը Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության և «Ռոսատոմի» ներկայացուցիչներն ստորագրել էին նոյեմբերի 11-ին Մոսկվայում: