Բիզնես 

ՏՄՊՊՀ-ի դիտարկումը` գնագոյացման վերաբերյալ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերջին դիտանցումն իրականացրել է ուրբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին և դրանց արդյունքների համաձայն՝ որոշ ապրանքների գծով գրանցվել է գնային աճ. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշեց, որ գների բարձրացումը հիմնականում վերաբերում է ներմուծված ապրանքներին:

«Երբ նայում ենք գնային բարձրացումները և համեմատում ենք փոխարժեքի հետ, իսկ վերջին մի քանի օրերի ընթացքում հայկական դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է, ապա տեսնում ենք, որ մեծ չափով համահունչ են գնային բարձրացումները: Այնուհանդերձ, սա նախնական դիտարկում է, և այս պահի դրությամբ մեր մասնագետները ուսումնասիրություն են իրականացնում և գնագոյացման հաշվարկներ են կատարում, որպեսզի պարզեն, թե գնային բարձրացումները որքանով են համապատասխանում փոխարժեքի փոփոխություններին»,-ասաց Արտակ Շաբոյանը:


Նա հայտնեց, որ իրենք պարբերաբար դիտանցումներ են իրականացնում այն ապրանքային շուկաներում, որտեղ կան խոշոր, գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ, որպեսզի թույլ չտան, որ խոշոր ընկերություններ իրականացնեն գնային չարաշահումներ: Նա նշեց, որ դիտանցումներ են իրականացրել մի քանի խոշոր սուպերմարկետներում։

Ինչ վերաբերում է «Աշտարակ կաթ» ընկերության կողմից ապրանքների գների թանկացմանը, ապա Արտակ Շաբոյանն ասաց, որ այդ ուղղությամբ նորից ուսումնասիրություն կկատարեն:«Մի քանի ապրանքների գծով են եղել փոփոխություններ, դա վերաբերում է շաքարավազին, կարագին, ձեթին, ալյուրին, ոսպին»,-ասաց նա:


Անդրադառնալով բենզինի գնին, որը միջազգային շուկայում զգալի նվազել է, ՏՄՊՊՀ նախագահն ասաց. «Միջազգային շուկայում ամռան ամիսներից սկսած գնային նվազում է դիտարկվում, մենք ուսումնասիրել ենք միջազգային շուկայի գները։ Միևնույն ժամանակ խորությամբ ուսումնասիրել ենք ռուսաստանյան շուկայի գները, քանի որ բենզին ներմուծողներն այս տարվա փետրվարից բենզին ներմուծում են ռուսաստանյան շուկայից: Ռուսական շուկայում նույնպես գների նվազում է նկատվել, թեև ավելի քիչ չափով` միջազգային շուկաների համեմատ: Երբ մենք նայում ու ուսումնասիրում ենք ռուսաստանյան շուկայի գները և համեմատում ենք տեղական շուկայի գների հետ, ապա տեղական շուկայում նույնպես գները նվազել են՝ վաճառքի գների մասով 6,3 տոկոսի չափով և նույն չափով էլ նվազել է ձեռքբերման գները»:

Նույն շարքից