Ազգային ժողովը վերսկսել է ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցողը` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր այն պատգամավորներին, ովքեր, անկախ իրենց քաղաքական հայացքներից, բյուջեի քննարկումների ժամանակ որդեգրել են կառուցողական դիրքորոշում և ամփոփիչ ելույթներում ներկայացրել են մասնագիտական առաջարկներ, որոնք միտված են եղել պետբյուջեի նախագիծն ավելի լավը դարձնելուն: «Անշուշտ, յուրաքանչյուր տարի խորհրդարանի քննարկմանը ներկայացվող պետբյուջեի նախագիծը նաև քաղաքական քննարկումների փաստաթուղթ է, քանի որ այն արտացոլում է առաջիկա տարում երկրում սոցիալ-տնտեսական քաղաքականության իրականացման հնարավորությունները: Գաղտնիք չէ, որ նման հնարավորություններն առաջին հերթին պայմանավորված են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի եկամտի մասով»,- նշեց Սաֆարյանը:
Նա ընդգծեց, որ չնայած այն հանգամանքին, որ վերջին 10 տարում պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 3.5 անգամ` գերազանցելով 1 տրիլիոն դրամը, այնուամենայնիվ դժվար է պատկերացնել, որ 2015թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող ֆինանսական ցուցանիշները գալու են լուծելու առկա բոլոր խնդիրները: «Խնդիրները, ցավոք, դեռևս շատ են, և գուցե դա է պատճառը, որ մեր պատգամավորներն իրենց ելույթներում տարբեր գնահատականներ տվեցին 2015թ. պետական բյուջեին, ոմանք էլ այն անվանեցին անողնաշար ու փող չբերող բյուջե»,- նշեց Սաֆարյանը:
Պավել Սաֆարյանը միաժամանակ նշեց, որ կարևորը ոչ թե որակումներն են, այլ այն մոտեցումները, որոնք դրված են 2015թ. պետական բյուջեի հիմքում: «ՀՀ 2015թ. պետական բյուջեն հիմնված է նպատակադրումների և դրանց իրականացման հնարավորությունների արդյունավետ հավասարակշռման ու իրատեսականության վրա»,- նշեց Սաֆարյանը:
Սաֆարյանն ընդգծեց, որ պետբյուջեի նպատակադրումներից մեկը երկրում երկարաժամկետ ներդրումներ ներգրավելու իրականացման ապահովումն է: Նա ընդգծեց, որ կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար շատ կարևոր են երկարաժամկետ ներդրումները, ինչի մասին քննարկումների ժամանակ բարձրաձայնել են շատ պատգամավորներ: Սաֆարյանը ցավով նկատեց, որ վերջին տարիներին երկրում իրականացվող երկարաժամկետ ներդրումները բավարար չեն, ինչի համար կառավարությունը 2015թ. պետական բյուջեի նախագծով ներկայացրել է մակրոտնտեսական այնպիսի ցուցանիշներ, որոնք իրատեսական են և հնարավորություն կտան կառավարությանը տարվա ընթացքում ստեղծել տնտեսական բարենպաստ միջավայր:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը նշեց նաև, որ պատգամավորների որոշ առաջարկներ հաշվի են առնվել և բյուջեի նախագծում որոշակի փոփոխություններ են իրականացվել այդ առաջարկների հիման վրա: