Բիզնես 

Հովիկ Աբրահամյանը խոսել է գնաճը սահմանված մակարդակում պահելու ՀՀ կառավարության քայլերի մասին

analitik.am

Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգտագործում է բոլոր լծակները, որպեսզի երկրում գնաճը չանցնի սահմանված շեմից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի այն կարգավորվի, և ես համոզված եմ, որ առաջիկա օրերին այդ հարցերը կլուծվեն»,- նշեց վարչապետը:


ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ տարադրամի փոխարժեքի տատանումները կապված չեն երկրի ներքին տնտեսական զարգացումների հետ: «Դա ուղղակի տարածաշրջանային զարգացումների արդյունք է, որն ունենում է իր բացասական ազդեցությունը: Մենք ուղղակի պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի այս ամենը սահուն անցկացնենք»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ այս ամենն ինչ-որ տեղ ցնցում է համարում երկրի տնտեսության համար:


Նա ընդգծեց, որ այդ գործընթացների հետևանքով դժվարանում է ներկրումների խնդիրը, քանի որ ներկրողները վճարում են դոլարով և վաճառում են դրամով, և այս փոխարժեքի տատանումները բացասական ազդեցություն են ունենում նրանց շահույթների վրա: «Դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որ ներկրողները կարողանան առանց կորուստների դուրս գալ: Սա է մեր խնդիրը, և մենք փորձում ենք կարգավորել այս հարցը: Եվ ես կարծում եմ, որ այն Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում է, որպեսզի առկա խնդիրներին լուծում տա»,- նշեց վարչապետը:


Դիտարկմանը, թե պետական բյուջեի նոր նախագծում դոլարի փոխարժեքը գրվել է 411 դրամով, վարչապոտն ընդգծեց, որ դա օրենքի պահանջ է՝ ընդգծելով, որ կառավարությունը բյուջեի հիմքում պետք է դնի նոյեմբերի 1-ի դրությամբ առկա փոխարժեքը, ինչն էլ արվել է:

Նույն շարքից