Հայաստանի կառավարությունը հնարավորության սահմաններում փորձելու է օգտակար լինել, որպեսզի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը վճարվեն: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Եվ մենք այս տարի վճարելու ենք, ինչպես հայտարարել է նաև էներգետիկայի նախարարը, նոյեմբերի և դեկտեմբերի աշխատավարձերը»,- նշեց վարչապետը:
Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետը ընդգծեց, որ ինքն ընդհանարապես դեմ է, որ չաշխատող գործարանի տնօրենն ստանա 2 մլն 600 հազար դրամ աշխատավարձ, փոխտնօրենը` 2մլն 300 հազար դրամ աշխատավարձ, և այդ գործընթացը շարունակական լինի։ «Առաջինն այդ տնօրենների խորհուրդը պետք է այդ հարցը վերանայեր։ Չորս տարի է՝ այդ գործարանը չի աշխատում, և հիմա մեզ առաջարկում են մարել մի աշխատավարձի պարտք, որը կուտակվել է անհիմն»,- նշեց վարչապետը:
Անդրադառնալով գործարանը կրկին վերագործարկելու հարցին՝ ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը Համաշխարհային բանկին խնդրել է, որպեսզի միջազգային փորձագետներ հրավիրեն և տան առաջարկ։ «Նախարարն ինձ զեկուցել է, որ մինչև փետրվար-մարտ առաջարկը կլինի, և մենք կորոշենք «Նաիրիտ»-ի ճակատագիրը։ Եթե հնարավորություն կլինի գործարանը վերագործարկելու համար, կառավարությունը կաջակցի այդ գործընթացին»,- հավաստեց Հովիկ Աբրահամյանը։