Բիզնես 

«Պատկան մարմինները զբաղված են ծածկադմբոցով». Բաբկեն Պիպոյան

analitik.am

Եղվարդում՝ մանկապարտեզի երեխաների զանգվածային թունավորման դեպքից հետո մոտ մեկ շաբաթ է անցել, բայց պատասխանատու կողմերը դեռ չեն պարզել երեխաների թունավորման պատճառը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը և հրապարակախոս Կարեն Թումանյանը «Հայելի» ակումբում խոսելով խնդրի շուրջ ասացին, որ պատկան մարմինները ծածկադմփոց են անում և ի պատասխան իրենց հարցմանը նշում են, որ ամեն ինչ լավ է: « Չի եղել դեպք, երբ պատկան մարմինները մտնեն որևէ մանկապարտեզ և ստուգայցերի ժամանակ ինչ-որ բան հայտնաբերեն, չնայած որ մանկապարտեզում առկա թերությունները, սկսած սննդի որակից, բազմաթիվ են»,-ասաց Պիպոյանը: Բնախոսների խոսքով` Առողջապահության նախարարությունը հայտարարում է, թե հավանաբար թունավորումը եղել է սննդամթերքից, բայց նրանք չեն նշում, որ առավոտյան երեխաները կերել են կաթնաշոռ և չորս օր շարունակ կերել են նրբերշիկ:

Նման հանգուցալուծմամբ դեպքերը հազվադեպ չեն մեր երկրում, որոնցից է ամիսներ առաջ մանկապարտեզներին մատակարարված փտած հավի մսի դեպքը, որում նույնպես կան չբացահայտված հանգամանքներ։

Ըստ Պիպոյանի, կարևորագույն բացթողում է օրինակ այն, որ մանկապարտեզին սննդամթերք մատակարարող ընկերությունների առջև դրված չեն պահանջներ, որը կպարտադրի նրանց ունենալ տեղափոխման և պահպանման համապատասխան պայմաններ: Մրցույթ կազմակերպող և վերահսկող կառույցները նույնպես իրար հետ չեն համագործակցում: :

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը առաջարկում է նաև գների հանձնաժողով ձևավորել, որը կհետևի մանկապարտեզների սննդամթերքի տենդերներին մասնակցող ընկերությունների առաջարկած գներին, քանի որ երբեմն այդ գները շատ ցածր են. օրինակ, ընկերություններից մեկն առաջարկում էր մանկապարտեզներին 1800 դրամով փափուկ տավարի միս մատակարարել, բայց այդպիսի մսի շուկայական գինը մոտ 3500 դրամ է: Արդո՞ք կարող ենք վստահ լինել, որ այդպիսի ցածր գնով առաջարկված միսը որակյալ և անվտանգ է:

Ասուլիսի բանախոսները կարծում են, որ առողջապահության նախարարությունը պետք է մշակի հստակ սննդակարգ, որով կառաջնորդվեն Երևանում և հեռավոր գյուղերում գտնվող մանկապարտեզները:Այդ քայլերը, նրանց կարծիքով, մանկապարտեզի երեխաներին գոնե ինչ-որ չափով կապահովագրեն նման դեպքերի կրկնությունից:



Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից