Բիզնես 

Վարշավայում կայացել է հայ-լեհական միջկառավարական տնտեսական հանձաժողովի նիստը

analitik.am

Վարշավայում դեկտեմբերի 2-4-ը տեղի է ունեցել հայ-լեհական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձաժողովի համատեղ 4-րդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, հայ-լեհական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Գարեգին Մելքոնյանը, իսկ լեհական պատվիրակությունը` Լեհաստանի էկոնոմիկայի նախարարության փոխպետքարտուղար Տոմաշ Տոմչիկևիչը:


Հայկական պատվիրակության կազմում են եղել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության նախարարի տեղակալները, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ՀՀ արտաքին գործերի, բնապահպանության, ֆինանսների, կրթության և գիտության, պաշտպանության, առողջապահության, տրանսպորտի և կապի նախարարությունների, ՀՀ կառավարության և Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ:

Դեկտեմբերի 3-ին Վարշավայի «Գրանդ Մերկուրի» հյուրանոցի «Օլիմպ» սրահում մեկնարկել է նիստի` ընդլայնված կազմով հանդիպումը: Բացման և ողջյունի խոսքով են հանդես եկել համանախագահներ Գարեգին Մելքոնյանն ու Տոմաշ Տոմչիկևիչը: Համանախագահները, ընգծելով հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը, կարևորել են միջկառավարական համատեղ հանձնաժողովների գործունեությունը և հույս հայտնել, որ 4-րդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև քննարկումների արդյունքում երկու կողմերից արված նոր առաջարկությունները ևս կընդգրկվեն նիստի արձանագրության մեջ, ինչը նոր շունչ կհաղորդի երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների արդյունավետ համագործակցությանը: 

Համանախագահները վստահեցրել են, որ երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային ընդգրկուն դաշտը լավ հնարավորություն է զգալիորեն ընդլայնելու առևտրատնտեսական կապերը: Նախանշվել են Հայաստան-Լեհաստան տնտեսական համագործակցության զարգացման տեսակետից առավել կարևոր և հեռանկարային համարվող հիմնական ուղղությունները` գյուղատնտեսություն, ֆինանսական ներդրումներ, էներգետիկա, մաքսային, տրանսպորտ և հաղորդակցություն, առողջապահություն, զբոսաշրջություն, մշակույթ և գիտություն: Նշյալ ոլորտներում համագործակցությունն աշխուժացնելու համար կողմերը կարևորել են նաև մասնավոր սեկտորի ակտիվ մասնակցությունն ու ներգրավածությունը:

Լիագումար նիստին հաջորդել են աշխատանքային խմբերի մասնագիտական քննարկումները: Այնուհետև նույն սրահում լեհ գործարարների մասնակցությամբ մեկնարկել է «Հայաստանի տնտեսութունը և ներդրումային դաշտը» խորագրով սեմինարը: 

Դեկտեմբերի 4-ին Լեհաստանի էկոնոմիկայի նախարարությունում կայացել է համատեղ հանձնաժողովի ամփոփիչ նիստը, 4-րդ նիստի Արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը և երկու համանախագահների մասնակցությամբ մամուլի ասուլիս:

Այցի շրջանակում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի տարբեր գերատեսչություններում: 

Նույն շարքից