Բիզնես 

Ստորագրվեց KFW-ի կողմից Հայաստանին տրվելիք 85.2 մլն եվրո վարկի համաձայնագիրը

analitik.am

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Յան Բլումը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Անանյանը դեկտեմբերի 9-ին ստորագրել են վարկային և ծրագրային համաձայնագրեր:  «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով, KFW բանկը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 85.2 մլն եվրո արժողությամբ վարկ` 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.2 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության տրամադրած ֆինանսական միջոցներից:

 

Ծրագրով նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող  բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Ծրագրի շրջանակում նոր ենթակայանի և հոսանքագծի կառուցման շնորհիվ Հայաստանը և Վրաստանը կաշխատեն միևնույն ռեժիմում, ինչը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի պակասուրդի դեպքում ներմուծել, իսկ ավելցուկի դեպքում` արտահանել էլեկտրաէներգիա:

 

Ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է 105.2 մլն եվրո: Միաժամանակ ծրագրի 1-ին փուլը կհամաֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո գումարի չափով տրամադրվելիք վարկային միջոցների և Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվելիք 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին:

 

Տրամադրվող վարկային միջոցները նույն վարկային պայմաններով ենթավարկային պայմանագրով կտրամադրվեն  վերջնական շահառու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին:

Նույն շարքից