Բիզնես 

Կառավարությունը սահմանում է ծխախոտի գինը

analitik.am

Գործադիրի վաղվա նիստում քննարկվելու է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանությունը տալու հարցը: Օրենքի նախագծով առաջարկվում է արգելել այն ծխախոտերի վաճառքը, որոնց վրա բացակայում է ծխախոտի մանրածախ վաճառքի համար սահմանված առավելագույն գնի մակնշումը:   Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Խնդիրը կայանում է նրանում, որ առանց ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կամ մակնշված առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանքի վաճառքի արգելք որևէ իրավական ակտով սահմանված չէ:


Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկումից խուսափելու ռիսկերի նվազեցմանը:»   Ծխախոտի վաճառքից գանձվող ԱԱՀ-ն միշտ հաշվարկվում է ծխախոտի մանրածախ վաճառքի համար սահմանված առավելագույն գնից, սակայն գնի մակնշման բացակայությունը թույլ էր տալիս ծխախոտը վաճառել սահմանված գնից բարձր գնով: Այս քայլով կառավարությունը թույլ չի տալիս նման չարաշահումներ, ինչը, սակայն, միանշանակ կհանգեցնի ծխախոտի գնի հերթական բարձրացմանը, քանի որ այս ոլորտի տնտեսվարողների մոտ հնարավոր է լինի շահույթի նվազում: 

Նույն շարքից