Իլֆ և Պետրովի հանրահայտ հերոս Օստապ Բենդերը հարգում էր քրեական օրենսգիրքը և գումար աշխատելու ''օրինական'' 400 մեթոդ գիտեր:
Ճիշտ է Բենդերը ապրել և գործել է անցած դարում,սակայն նրա հետևորդները հասել են մինչև մեր օրերը:
Բենդերի ժամանակներում չկար ինտերնետ, մեդիադաշտ և առցանց տիրույթ, ուստի նա գործում էր իր ժամանակների ոգով՝ օգտագործելով գումար աշխատելու համար այն ժամանակվա տեխնոլոգիաները: Հաջողության էլ հասնում էր, երբ օբյեկտին պարզաբանում և ներշնչում էր դեռ հնուց եկած ասույթի իմաստը՝ ՛՛եթե ուզում ես պահպանել ամբողջը,ապա պետք է տաս նրա մի մասը՛՛:
Մեր ժամանակներում Բենդերի հետևորդներն ունեն ավելի լայն հնարավորություններ,փոխվել և զարգացել է գրեթե ամեն ինչ,նախկինից մնացել է միայն ասույթը և նրա ներշնչանքի անհրաժեշտությունը:
Ի դեպ մի տարբերություն էլ կա մեծ կոմբինատորի և նրա հետևորդների միջև՝ Բենդերը որպես թիրախ ընտրում էր անհատներին, իսկ նրա հետևորդները ֆինանսական կազմակերպություններին՝ մասնավորապես բանկերին, որոնց Աքիլեսյան գարշապարը քաղաքացիների վստահությունն է, իսկ դրա կորուստն ամբողջի կորուստն է :
Հենց այս Աքիլեսյան գարշապարն էլ ՀՀ ֆինանսական կառույցներին դարձնում է խոցելի մեծ կոմբինատորի հետևորդների համար :Այդպիսի մի հետևորդի և նրա մշակած կոմբինացիայի մասին էլ կխոսենք այսօր,՝ առայժմ առանց անուններ տալու, ուղղակի քննարկենք և ինչու չէ փորձենք կանխարգելել վաղուց արդեն ՀՀ -ում գործող այս սխեման:
Այսպես ՝
Փուլ առաջին
Բենդերի հետևորդը հիմնադրում է մի մարկետինգային ընկերություն,որը գնում է մեդիադաշտի օնլայն տիրույթում գործող հանրահայտ կայքերի գովազդային հարթակները, ինչի հետևանքով այնտեղ գովազդ տեղադրելու իրավունքն անցնում է իրեն։ Այժմ մնում է գտնել գովազդատուների,որոնք հետևորդի ուզած գնով և պայմաններով կտեղադրեն գովազդ վերջինիս մոտ:
Փուլ երկրորդ
Սա հետևորդի համար խնդիր չէ, քանի որ կայքերը հանրահայտ են, մեծաքանակ դիտումներով, ապա բանկերը իրար հետ մրցակցելով սկսում են գովազդ դնել հետևորդի մոտ:Սակայն հանրահայտ կայքերը քիչ են և բնական է, որ անկախ գովազդի գնից, հասույթը չի կարող բավարարել հետևորդին,այսինքն պետք է ընդլայնել նախագիծը:
Փուլ երրորդ
Հետևորդն արդեն ոչ թե գնում, այլ չնչին գումարներով հիմնում է նոր կայքեր , դիտումների քանակը և վարկանիշը այլևս կարևոր չեն:Մնացել է միայն իր հետ համագործակցող բանկերից ընտրել թիրախը:
Փուլ չորորդ
Հետևորդի վերահսկողության տակ գտնվող կայքերից մեկը՝ տեղեկատվությունը հենց նույն հետևորդից ստանալուց հետո սկսում է վարկաբեկիչ նյութեր հրապարակել վերջինիս հետ գովազդային պայմանագիր կնքած բանկի մասին, վերջինիս հեղինակությունը սկսվում է սասանվել և բանկը բնականաբար դիմում է իր գովազդային գործակալին, քանի որ նա է աշխատում մեդիադաշտում , որպեսզի վերջինս կարգավորի այդ խնդիրը:
Փուլ հինգերորդ
Հետևորդը ներկայացնում է բանկին,որ իր մասին վարկաբեկող նյութեր հրապարակող կայքն իրենից ոչինչ չի ներկայացնում ,խմբագիրն ապուշի մեկն է , կայքը դիտումներ չունի ,անկաշառ է, նրա հետ լեզու գտնելն անհնար և միակ ելքը գովազդային բյուջեի ավելացումն է,որ պետք է համացանցը հեղհեղել թիրախ բանկի գովազդներով, և եթե մեկը վատն է ասում, ապա հարյուրը լավը կասեն:
Փուլ վեցերորդ՝ավարտական
Թիրախը ճարահատյալ համաձայնվում է, և Բենդերի հետևորդի սխեման սկսում է աշխատել։
Մեկ կամ մի քանի կայք շաբաթը մեկ անգամ հետևորդից տեղեկատվություն ստանալուց հետո սկսում է վարկաբեկիչ նյութեր հրապարակել թիրախի վերաբերյալ, իսկ հետևորդի 100 կայքերը սկսում են գովազդել ամեն օր թիրախին։
Վերջ՝ թիրախը թակարդում է, կոմբինացիան փայլուն ավարտված, մնում է միայն հավաքել գումարները և առաջ դեպի նոր թիրախներ։
Ով է այս իր պարզությամբ հանճարեղ կոմբինացիայի հեղինակը և նրա թիրախը կհայտնենք մեր հաջորդ նյութում։
Աղբյուրը՝ Crimenews.am