Բիզնես 

ԵԱՏՄ-ն մոտ ապագայում Վիետնամի հետ Ազատ Առևտրի համաձայնագիր կստորագրի. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

Մոտ ապագայում Եվրասիական տնտեսական միությունը պլանավորում է Վիետնամի հետ կնքել Ազատ Առևտրի համաձայնագիր:



«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը Երևանում անցկացվող Հայկական առևտրային ցանցի 2-րդ գործարար ֆորումի ընթացքում:



«Առաջիկա օրերին Եվրասիական տնտեսական միությունը պլանավորում է Վիետնամի հետ կնքել Ազատ Առևտրի համաձայնագիր: Սա նշանակում է, որ Վիետնամից ապրանքներ ներմուծելիս և արտահանելիս դրանք կիրականացվեն զրոյական մաքսատուրքերով»,-ասել է փոխնախարարը` հավելելով, որ բարենպաստ ռեժիմներ սահմանելու ծրագրեր կան նաև Իրանի ու այլ երկրների հետ:

 

 

«Առաջիկա շաբաթների ընթացքում լինելու է քննարկում այս հարցի շուրջ, ԵԱՏՄ-ից կունենանք բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր կներկայացնեն կարգավորումների փաթեթը»,-նշել է Գարեգին Մելքոնյանը:

 

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում փոխնախարարը հայտնեց, որ Վիետնամը, լինելով արդյունաբերականացված երկիր և ունենալով զգալի շուկա, կարող է հայկական ապրանքների համար լինել գրավիչ:



«Մենք գլոբալ առումով նպատակ ունենք մեր արտաքին առևտրի կառուցվածքը հնարավորինս դիվերսիֆիկացնել: Արտահանման շուկաները, որքան լինեն ավելի տարբերակված, աշխարհագրությունը լինի ընդգրկուն, այնքան հնարավոր շոկերի, միջազգային ֆինանսական ու տնտեսական շուկաներում ցնցումների դեպքում մեր տնտեսությունը կլինի ավելի դիմացկուն, կարող, դրսից եկող խոչընդոտներին դիմակայող: Այս տեսանկյունից այդ տարածաշրջանի երկրների շուկաները կարող են հետաքրքիր լինել տեղական ապրանքի համար և զրոյական մաքսատուրքերի պարագայում լավ պայմաններ կստեղծվեն այդ ապրանքների արտահանման համար»,-ավելացրել է Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Նույն շարքից