Բիզնես 

Հայաստանի և Վրաստանի միջև կպահպանվի ազատ առևտրի քաղաքականությունը. Վարդան Այվազյան

analitik.am

Տարբեր տնտեսական միություններին ինտեգրվելուց հետո անգամ Հայաստանն ու Վրաստանը շարունակելու են աշխատել երկուստեք կնքված ազատ առևտրի պայմանագրի սկզբունքներով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս համոզմունքը հայտնեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով ՀՀ վարչապետի հետ Վրաստան կատարած այցից վերջերս է վերադարձել:

«Հայաստանի ու Վրաստանի վարչապետերի հանդիպման ժամանակ շատ կարևոր հարցադրում եղավ՝ ինչպե՞ս կարող են փոխհարաբերվել երկու երկրներ, որոնցից մեկը ինտեգրվում է ԵՄ Ասոցացման համաձայնագրին, իսկ մյուսը՝ ԵՏՄ-ին: Մեկ անգամ ևս փաստում եմ, որ ԵՏՄ-ի համագործակցությունը չի փակում մեր ճանապարհը, և այս երկու միությունները միմյանց հակադրել չի կարելի:  Հայաստանի և Վրաստանի միջև ազատ առևտրի պայմանը պահպանվում է, այսինքն՝ ինչ ռեժիմով կատարվել է ապրանքաշրջանառությունը մինչ օրս, այդպես էլ գործելու է: Մաքսատուրքեր էլ չեն լինելու երկու երկրների միջև, լինելու է զրոյական տուրք»,-ասաց նա:

Վարդան Այվազյանն ընդգծեց, որ Հայաստանի ապրանքաշրջանառության մոտ 60%-ն իրականացվում է Վրաստանի միջոցով՝ որպես տրանզիտային երկիր, իսկ մնացածը՝ Իրանի, ուստի հայ-վրացական և հայ-իրանական հարաբերությունները, ըստ նրա, շատ ավելի կարևոր են մի շարք այլ կապերից:

Նույն շարքից