Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե տնտեսության մեջ ստվերի գնահատումը, որպես այդպիսին, Ֆինանսների նախարարության գործառույթների մեջ չի մտնում։
«Դրանք ավելի բարդ մեթոդոլոգիա ունեցող խնդիրներ են, կան միջազգային կառույցներ, որոնք գնահատում են»,-ասաց նա: Ի պատասխան հարցի, թե ո՞ր ոլորտներում է ստվեր եղել, որ նախարարությունը կարողացել է հայտնաբերել, նախարարը մատնանշեց բջջային օպերատորների և առևտրի ոլորտը:
Հարցին, թե արդյոք Կառավարության գործունեության արդյունքո՞ւմ չէ, որ բավական շատ են փակվում փոքր բիզնեսներ, նախարարն արձագանքեց, որ գնահատելու համար պետք է կոնկրետ բիզնեսի օրինակով դիտարկել. «Եթե կոնկրետ մի բիզնեսի օրինակ բերեք, կարող ենք քննարկել, ասել, թե ինչու է փակվում, պետք է խորանալ ու հասկանալ. հնարավոր է՝ այն ունի վարկային ծրագրեր, չի կարողանում սպասարկել, ունի փոխկապակցված ձեռնարկություններ, ունի հինգ-տաս նման խանութներ և իր բիզնես ծրագրում վերադասավորում է իր բիզնեսը, և դրանցից մեկը փակում է, միգուցե փակում է, քանի որ վարձակալությունների հետ կապված խնդիր ունեն»:
Նախարարն ընդգծեց, որ իրենք բոլորի նկատմամբ, առանց բացառությունների, տանում են այն քաղաքականությունը, որ հարկային կարգապահությունը պետք է բարձրանա:
Հարցին՝ իր ընտանիքի անդամներից մեկին պատկանող որևէ բիզնես փակվե՞լ է, նախարարը պատասխանեց. «Դուք էդ հարցը տվեք իմ ընտանիքի այն անդամներին, ովքեր դրանով զբաղվում են»: