Նարե Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Արդեն մի քանի օր է, որ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնանկ կարվի և իր կառավարությունը հրաժարական կտա, քանի որ Հայաստանում ստեղծված ծանր ֆինանսա-տնտեսական և սոցիալական վիճակը օր-օրի վատանում է, իսկ այդ ամենի մեղավորը վարչապետն ու ՀՀ ֆինանսական ոլորտի մյուս պատասխանատուներն են:
Հարկ է նշել, որ Հայաստանը ներկայումս ապրում է բավականին ծանր տնտեսական շրջափուլ և բավականին մշուշոտ պատկեր է տիրում, սակայն միանշանակ ասել, որ այդ ամենի մեղավորը ներկայիս վարչապետն ու կառավարությունն է, ըստ էության, այդքան էլ արդարացի չէ:
Իրականում տնտեսական ցուցանիշները գոհացուցիչ չեն, և քաղաքացիները կարող են դժգոհել դրանից, սակայն պետք է հասկանալ, որ պատճառը միայն անձով չի կարելի պայմանավորել, դրա համար կան լուրջ արտաքին և ներքին գործոններ:
Նախ, ՀՀ-ն ԵՏՄ-ին անդամակցելով, իր համար ստեղծեց նոր տնտեսական արժեհամակարգեր և ֆինանսական լրիվ այլ միջավայր, որին գումարվեցին ռուսական ռուբլու արժեզրկումը, Արևմուտքի կողմից Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցները, Հայաստան եկող տրասֆերտների կտրուկ նվազումը: Սրանք լուրջ հանգամանքներ են և անմիջական ազդեցություն ունեն հայաստանյան տնտեսական կյանքի վրա: Նշված հանգամանքների պատճառով Հայաստանը ժամանակավորապես բավականին շուկաներ կորցրեց:
Ակնհայտ է, որ այս թեման հիմնականում ձեռնտու է այն ուժերին, որոնք բացեբաց ամբիցիաներ են դրսևորում քաղաքական տարբեր պաշտոնների մասով, քանի որ այն ինչ ունենք, հիմք չեն` վարչապետի հրաժարական պահանջելու հարցում: