Բիզնես 

Թեթև արդյունաբերական արտադրանքի փորձաքննության համար Հայաստանում լաբորատորիաների կարիք կա

analitik.am

 Թեթև արդյունաբերության ոլորտը թեև Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է և տարեկան երկնիշ աճ է գրանցում, սակայն մինչ օրս ոլորտի համար խնդիր է մնում լաբորատորիաների ստեղծումը: Խնդիրը մտահոգում է հատկապես այն արտադրողներին, ովքեր ցանկանում են արտահանում իրականացնել այլ պետություններ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ թեթև արդյունաբերության ոլորտի գործարարները բարձրացրին այդ խնդիրը` նշելով, որ եթե ցանականում են հունվարի 1-ից հետո արտահանում իրականացնել Եվրասիական միության տարածք, ապա սերտիֆիկացման հարցը պետք է լուծվի:


Նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ Հայաստանը Եվրամիության հետ ուներ պայմանավորվածություն նման ենթակառուցվածքներ ստեղծելու հարցում, սակայն ԵՄ-ը դադարեցրեց այդ ծրագիրը: «Եվրամիության հետ պայմանավորվածություն կար մոտ 25 մլն եվրոյի չափով գումարի տրամադրման համար, որը ծառայելու էր որակի ենթակառուցվածքների բարելավման համար: Այդ ծրագրի մեջ մտնում էր նաև լաբորատորիաների ստեղծումը: Սակայն ծրագիրը չիրականացվեց, ընդ որում` մյուս ծրագրերի համար նախատեսված գումարները մնացին, իսկ այս ծրագրի ֆինանսավորումը հանվեց»,- ասաց նախարարը:


Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ և հույս հայտնեց, որ մոտակա ժամանակներս կլուծվի այդ հարցը: «Այս լաբորատորիան շատ թանկ հաճույք չի, այն չես կարող համեմատել քիմիական լաբորատորիաների հետ: Հիմա էլ փորձում ենք այն լաբորատորիաներում, որտեղ հնարավոր է կատարել նաև թեթև արդյունաբերական արտադրանքի փորձաքննությունը, տարածք և սարքավորումներ հատկացնել»,- ասաց նա:

Նույն շարքից