Խաչատրյան Ժոռան ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քաղաքական դաշտի հարաբերական անդորրի ֆոնին, հիմա էլ ականտես ենք լինում նախկին քաղաքական գործընկերների «փոխհրաձգություններին»:
«Մենք լավն ենք, նրանք վատը» տիպի մեկնաբանությունները վաղուց արդեն դուրս են հասարակական օրակարգերից. Նման կոչերն արդեն հետաքրքիր չեն քաղաքացուն: Ընդիմադիր բևեռն արդեն վաղուց կոնկրետ գործողությունների կարիք է զգում:
Անհերքելի է այն փաստը, որ նախկին Եռյակի անդմաները փոխել են իրենց քաղաքական կուրսը: Հիմա արդեն տարաձայնություններն անհամեմատ շատ են: ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո, ՀԱԿ-ն իր տարբեր տրամաչափերի խոսափողներով առիթը բաց չի թողնում` նախկին գործընկերոջը մեղադրելու ինչ որ քաղաքական «հանցանքների» մեջ:
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին: Մասնավորապես նա նշել է. «Այս ռեժիմից ժողովրդին հնարավոր է ազատել միայն մի դեպքում՝ եթե ժողովուրդը հարյուր հազարներով դուրս գա փողոց: Մենք քաղաքական հեղափոխականներ չենք, ոչ էլ ահաբեկիչներ, այդ ճանապարհով չենք կարող փոխել իշխանությունը, ռեժիմը հնարավոր է փոխել միայն համաժողովրդական ապստամբությամբ: Հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց, եթե տեսնեն իմաստալից գործընթաց, որը տանում է դեպի հաղթանակ»:
Սա այն դեպքն է, երբ քաղաքական գործիչներն առանց երկար մտածելու խոստովանում են այն, ինչի մեջ մեղադրվում էին ամիսներ առաջ:
«Հզոր» Եռյակի գործողությունների հիմքում, ոչ իշխանական պատգամավորները դնում էին ժողովրդի վստահության փաստը, իսկ ամեն հանրահավաքից հետո խոսում էին միլիոնավոր մասնակիցների մասին: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հիմա: Ի՞նչ է նշանակում «ռեժիմը հնարավոր է փոխել միայն համաժողովրդական ապստամբությամբ»: Չեմ կարծում, թե պարոն պատգամավորը մոռացել է, որ ուղիղ 4 ամիս առաջ ոչ իշխանակնների ձեռքը այդպիսի «համաժողովրդական շարժում» էր ընկել, այդ դեպքում մնում է հարցնել նրան, թե ինչու՞ չկարողացան իրականացնել վերոհիշյալ փոփոխությունները:
Ստացվում է, որ կամ այն ժամանակ ոչ իշխանականները քաղաքական ռոմանտիզմով տարված էին հայտարարում, թե շարժումը համաժողովրդական է, պահը` օրհասական և ուր որ է կիրականանա հեղափոխություն, կամ էլ, պարզապես Զուրաբյանը դեռ չի կարողանում կողմնորոշվել, թե կոնկրետ ո՞րն է իշխանափոխության ամենակարևոր բաղադրիչը:
Եվ մյուս ուշագրավ փաստարկը, Զուրաբյանը ասում է, որ մարդիկ դուրս կգան փողոց եթե տեսնեն իմաստալից գործընթաց: Փաստացի այս պարոնը խոստովանում է, որ Եռյակի նախաձեռնած համաժողովրդական շարժումը հասարակության համար այդքան էլ իմաստալից չի եղել:
Եթե Եռյակի կազմի մեջ լինելու շրջանում, ՀԱԿ-ի կողմից նախաձեռնված հանրահավաքներ գրեթե չէին լինում, իսկ այսօր Լևոն Զուրաբյանը խոսում է դրանց կարևորության մասին, ապա մնում է եզրակացնել, որ այն ժամանակ ՀԱԿ-ը պարզապես շարքային «աշխատող էր» Բարգավաճ Հայաստանի շարժման գրասենյակներում, ով զրկված էր ամեն տեսակ գործողություն նախաձեռնոլու իրավունքից:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը անդրադարձել է նաև ԲՀԿ-ի հետ համագործակցությանը: Նրա խոսքով, իրենք այժմ 44 ստորագրություն չեն կարող ապահովել իրենց նախաձեռնությունների համար, քանի որ այն ժամանակ ունեին ԲՀԿ-ի անվերապահ աջակցությունը: Հիմա, ԲՀԿ-ից շատերը, ըստ Լեւոն Զուրաբյանի, ակնհայտ անցել են ՀՀԿ-ի շարքերը:
Ակներև է, որ Զուրաբյանը տարբերություն է դնում ներկայիս և նախկին ԲՀԿ-ների միջև և ՀԱԿ-ը ոչ մի կերպ չի կարողանում համագործակցության եզրեր գտնել նրանց հետ: Դե… բնական երևույթ է, բարգավաճականների դրամապանակը բարակել է, այդ իսկ պատճառով, ՀԱԿ պատգամավորներն այլևս հանդես չեն գալիս որպես ԲՀԿ-ամետ բլոգերներ: