Բիզնես 

ԿԲ-ն անհրաժեշտ չափով արտարժույթ ունի, տիրապետում է գնաճի զսպման բոլոր միջոցներին. ԿԲ նախագահ

analitik.am

ՀՀ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա, և անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկն անհրաժեշտ չափով արտարժույթի ծավալների հնարավորություն ունի: Այդ մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Իրավիճակը փոխվել է, ես չեմ ուզում խոսել պատճառների և իրադարձությունների մասին: Այսօրվա իմ նպատակն է մի քանի անժխտելի փաստեր ներկայացնել և ասել պատճառները: Ներկայումս դոլարը գերարժևորված է, դրա հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակը և որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյատիվ գործողությունները: ՀՀ դրամը գերարժեզրկված է և սպեկուլյատիվ իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը կարժևորվի»,-արձանագրեց ԿԲ նախագահը՝ հորդորելով  զերծ մնալ փոխարկումներից, ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանումների վրա գումար աշխատելուց:

Արթուր Ջավադյանը նաև հայտարարեց, որ իրենք տիրապետում են գնաճի զսպման բոլոր միջոցներին: Նրա խոսքով՝ գնաճը վերահսկվում է գրագետ և հստակ քայլերով, գնային չարաշահումները նույնպես վերահսկվում են, իսկ պղտոր ջրում ձուկ որսացողները պատժվելու են:

«ՀՀ-ում առևտուր իրականցվում է ՀՀ դրամով, ձեզ ոչ ոք իրավունք չունի պարտադրել, որ դուք վճարեք արտարժույթով»,-ասաց նա:

Անդրադառնալով բանկային համակարգին՝ ԿԲ նախագահը վստահեցրեց, որ այսօր գործում է հուսալի և կայուն բանկային համակարգ: Բանկերը կարող են սպասարկել իրենց բոլոր պարտավորությունները: ԿԲ-ն սահմանափակում չի դրել և չի դնելու բանկերի վրա: Կենտրոնական բանկը կպատժի այն դեպքում, երբ բացահայտվի, որ բանկերը հրաժարվում են սպասարկել հաշիվները և ավանդները:

«Եթե նման դեպքեր լինում են, մեզ անպայման տեղեկացրեք: Մեր այս պահին ունեցած ռեզերվներն ապահովում են չափից ավելը, որը նախատեսված է միջազգային պրակտիկայով: Այս պահին մենք ունենք մոտ երեք ու կես ամսվա ծածկույթ. դա նշանակում է, որ մենք արտարժույթի խնդիր այս պահին չունենք»,-ասաց նա:

ԿԲ նախագահի խոսքով՝ բանկերը փող ունեն, ուղղակի այդ փողի մի մասը Հայաստանում է, մի մասը՝ դրսում, եթե նույնիսկ Հայաստանում բոլորը որոշեն փոխարկել իրենց դրամն այլ արժույթով, իրենք այդ հնարավորությունն ունեն:

Հարցին, թե ինչ է անում ԿԲ-ն այդ խուճապը վերացնելու համար, նախագահը պատասխանեց.«Մենք ժամանակավոր հայտարարել ենք նոր խաղի կանոններ, օրական վաճառք է իրականացվում, հետո մենք վերադառնալու ենք մեր բնականոն ռիթմին: Այս կարճ ժամանակահատվածի ընթացքում ամեն ինչ գալու է իր տեղը: Բորսայում բանկերն են լինելու ակտիվ: Մենք մեր ամբողջ գործիքակազմն օգտագործում ենք, մենք ինդիվիդուալ աշխատանքներ ենք տանում բանկերի հետ: Վերջ ի վերջո այս վիճակի վերջնական կրողը լինելու են բանկերը: Առաջին շահագրգիռը հենց առևտրային բանկերն են, որ այս վիճակը կայունանա»:

Ինչ վերաբերում է գների  չարաշահումներին, ապա Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ տասնվեց վարչական վարույթ են սկսել արդեն: «Մենք մեր բոլոր պատժամիջոցները հրապարակում ենք, եղել են նաև դիմումներ աշխատանքից  ազատվելու մասին: Մենք վերահսկում ենք ՀՀ ֆինանսական շուկաների մասնակիցներին: Եթե բանկերի կողմից կան չարաշահումներ, մենք  հայտնաբերում և պատժում ենք: Եթե դուք սպասում եք գլխատումներ, դա մեր գործը չէ»,-ասաց նա:

Անդրադառնալով կուտակային կենսաթոշակի արժույթին, ապա ԿԲ նախագահը նշեց, որ  հաշվարկները կան, մարդիկ կենսաթոշակ են ստանալու ՀՀ դրամով, եթե ապագայում արժեզրկում լինի, այդ շահութաբերությունն ավելանալու է: «Կուտակայինի ֆոնդային ընկերությունները տոկոսադրույքներն ավելացնելու են: Այդտեղ ռիսկը բացակայում է»,–ասաց նա:
Բյուջեի ծախսերի մասին էլ նշեց, որ բյուջեի սպասարկումը բյուջեի վրա ավելի բեռ չի նախատեսելու:

Նույն շարքից