Ֆեյսբուք 

Հիփոթեքային վարկերի մարման «գլուխկոտրուկը» լուծման ճանապարհին է

Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Ամիսներ առաջ գործադիր մարմնի նախաձեռնությամբ տեղի ունեցան հիփոթեքային վարկավորման առնչվող օրենսդրական փոփոխություններ: Դրա նպատակն էր թեթևացնել քաղաքացիների բեռը վարկի վճարման հարցում: Եթե ավելի մանրամասն, ապա այդ փոփոխությամբ բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար ստացված հիպոթեկային վարկի սպասարկման տոկոսներն, ըստ էության, վճարում է պետությունը տվյալ անձի եկամտային հարկից: Այսինքն հիպոթեկային վարկ ձեռք բերող քաղաքացու եկամտային հարկը պետական բյուջե ուղղվելու փոխարեն ծառայում է կոնկրետ տվյալ անձին` մարելով նրա տոկոսների գումարը:



Նախաձեռնությունը լավն էր, սակայն տեղեկատվական տեսանկյունից հանրությանը ոչ մատչելի:

Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քաղաքացիներից ահազանգեր է ստանում այդ գործընթացի՝ բավական բարդ, մեխանիզմների` ոչ այնքան հասկանալի լինելու մասին, ինչը խոչընդոտներ է ստեղծում օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվողների համար:



Այդ հարցի լուծման նպատակով վարչապետը հանձնարարեց ֆինանսների նախարարությանը կարճ ժամկետում ուսումնասիրել հարցը և առավելագույնս պարզեցնել այդ գործընթացի մեխանիզմները:



Արդեն իսկ իրավական ուժի մեջ մտած փոփոխությունը ոչ միայն խրախուսում է
քաղաքացիների կողմից մատչելի պայմաններով բնակարանի ձեռք բերումը, այլ նաև նպաստում շինարարության ոլորտի աշխուժացմանը:



Հիպոթեքային վարկավորման տոկոսների մարման այս նոր կարգը տարածվում է Հայաստանում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող կամ բնակելի տուն կառուցող` եկամտային հարկ վճարող համարվող քաղաքացիների վրա:



Այդ նպատակով վերջիններս համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնեն իրենց բնակության վայրի տարածքային հարկային մարմնին: Սահմանված կարգով նախատեսված են բոլոր այն փաստաթղթերը, որ պետք է ներկայացնի համապատասխան կառույցներին քաղաքացին` վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ, գրավադրված գույքի սեփականության վկայական, հանրային ծառայությունների համարանիշ, բանկային հաշվեհամար, բանկի կողմից տրամադրված տեղեկանք, կառուցապատողի կողմից տեղեկանք և այլն:



Ամենայն հավանականությամբ, այս փաստաթղթերի ներկայացման կամ ձևակերպման հետ են առնչվում դժգոհությունները, որի հետևանքով դժվարություններ են առաջանում այս հնարավորությունից օգտվելու համար: Դրանց պարզեցվելու և առավել հասկանալի դարձնելու մասին էր վարչապետի հանձնարարությունը, ըստ որի՝ տվյալ գործընթացը պետք է հանրությանը ներկայացվի ավելի պարզ և մատչելի ձևով:

Նույն շարքից