Ֆեյսբուք 

Ֆեոդալիզմի ուրվականը մտահոգել է Արմեն Մարտիրոսյանին

Խաչատրյան Ժոռան ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ընտրություններին մեկ թեկնածուի առաջադրումը կամ ընդդիմադիր թեկնածուների բացակայությունն այնքան է մտահոգել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, որ նա սկսել է տեսնել Հայաստան վերադարձող ֆեոդալիզմի ուրվականը:

 

Իրականում, իսկապես մտահոգիչ է, որ ընդդիմությունը, այդ թվում՝ նախագահական նախորդ ընտրություններին տպավորիչ ձայներ ստացած «Ժառանգություն» կուսակցությունը խուսափում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին:



Եթե Արմեն Մարտիրոսյանը փոքր ինչ ծանոթ է քաղտեխնոլոգիաներին, ապա պետք է իմանա ու նաև հասկանա, որ իշխանության տանող ճանապարհը անցնում է հենց ՏԻՄ ընտրություններով:

 

Եթե 40 տոկոսանոց երբեմնի ընտրազանգվածով հպարտացող կուսակցությունը չի մասնակցում տեղական ընտրություններին, ապա դա ամենևին էլ չի նշանակում, թե լուրջ չեն վերաբերվում այդ գործընթացին:

 

Ճշմարտությունն, իրականում, այն է, որ նրանք կտրված են կյանքից, և որքան էլ դառը հնչի, նախագահական ընտրություններին գրանցված արդյունքն ամենևին էլ իրենց չէր:



Ասվածի առաջին՝ դաժան վկան նախագահականին հաջորդած խորհրդարանական ընտրություններն էին, որտեղ «Ժառանգությունը» հերթական ֆիասկոն ապրեց, մի կերպ մտնելով Ազգային ժողով:

 

Ու հիմա Արմեն Մարտիրոսյանը նվնվում է, թե տեսեք, այս կամ այն համայնքի ղեկավարի ընտրություններին ընդդիմադիր թեկնածուներ չկան, մրցակցություն չկա և այլն:



Իսկ ով է խանգարում մասնակցել ու հաղթել, թեկուզև առանձին վերցրած մեկ համայնքում, հենց թեկուզ Արմեն Մարտիրոսյանի ծննդավայրում: Արմեն Մարտիրոսյանը, սակայն, «այդ պարը չի պարում», և ոչ միայն այդ պարը: Նրա մոտ ավելի դյուրին է ստացվում խոսելը, բարձրաձայնելը, հարցազրույցներ տալը, «բոցաշունչ» ելույթներ ունենալը, իսկ երբ բանը հասնում է գործնականին, այստեղ արդեն ի հայտ են գալիս երևույթներ, որոնք ստիպում են մտածել, թե հիմնական պատճառն, այնուամենայնիվ, «վատ պարողին խանգարող հանգամանքներն են»:



Հ.Գ. Իսկ գուցե դա այնքան էլ սարսափելի չէ, որովհետև ռուս գրող Գոգոլն, օրինակ, հայտնի է եղել նաև նրանով, որ երբեք հարաբերություն չի ունեցել կանանց հետ: Եվ դա եղել է իր անձնական ընտրությունը:

Նույն շարքից