Հայաստանի կառավարությունը հաստատեց Արդյունաբերության զարգացման և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամները միաձուլելու, Զարգացման հայկական գործակալությունը լուծարելու և նրանց գործառույթները նոր ստեղծվող Հայաստանի զարգացման հիմնադրամի իրավասության ներքո կենտրոնացնելու նախագիծը: Կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացման, արդյունաբերության զարգացման, ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերն առավել համակարգված և արդյունավետ իրականացնելու, ինչպես նաև ռեսուրսները կենտրոնացնելու և առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությամբ:
Ըստ նախարարի, դրա անհրաժեշտությունը նշում են նաև միջազգային կազմակերպությունների փորձագետները: «Ակնկալվում է, որ որոշումը կնպաստի արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին պետական աջակցության ցուցաբերմանը, նոր ներդրումների խթանմանը, ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանը»,- ասաց Ճշմարիտյանը:
«Հայաստանի զարգացման հիմնադրամի ստեղծումը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի վարկային ծրագրի բաղադրիչներից մեկն է և այն կյանքի կոչելու համար նախատեսված է ֆինանսավորում ծրագրի շրջանակներում:
Ներկայումս Հայաստանում իրարից զատ գործում են Հայաստանի ազգային մրցունակության և Արդյունաբերության զարգացման հիմնադրամները, ինչպես նաև Զարգացման հայկական գործակալությունը, որոնք իրենց ծրագրերի իրականացման և վերջիններիս բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ստանում են պետական աջակցություն: Վերոնշյալ մարմինների կողմից իրականացվող ծրագրերը վերջնարդյունքում հետապնդում են ընդհանուր նպատակ, այն է՝ ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացումը, իսկ գործառույթները հաճախ կրկնվում են, ինչն հանգեցնում է ռեսուրսների անարդյունավետ օգտագործման:
Հայաստանի զարգացման հիմնադրամի ստեղծումը Արդյունաբերության զարգացման և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամների միաձուլման և Զարգացման հայկական գործակալության լուծարման արդյունքում հնարավորություն կտա բարելավել ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման և վերջինիս համար նախատեսված ռեսուրսների կիրառման արդյունավետությունը, խորացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, խթանել օտարերկրյա ներդրումները, արտահանումը և զբոսաշրջությունը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: